ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծեծի է ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիրը
Այսօր առավոտյան Երեւանի Կոմիտասի պողատայում իր տնից դուրս գալիս հարձակման է
ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
«Առավոտյան ժամը 10-ի սահմաններում, երբ դուրս եկա տնից, թիկունքից ինձ վրա հարձակվեցին 2 սափրագլուխ երիտասարդներ, տապալեցին գետնին ու սկսեցին ոտքերով
հարվածել՝ փորձելով խփել գլխիս: Երբ մեր տան շքամուտքից մարդիկ երեւացին,
հարձակվողները միանգամից դիմեցին փախուստի», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց
Հովհաննես Գալաջյանը:
Հարցին, թե արդյո՞ք հարձակվողները որեւէ բան են ասել կամ բացատրել են ծեծի պատճառը,
«Իրավունք»-ի խմբագիրը պատասխանեց՝ «Ոչ մի բան չէին ասում, լուռ էին, նույնիսկ
հայհոյանք չէին տալիս»:
Հովհաննես Գալաջյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժանմումք,
որտեղից էլ նրան ուղեգիր են տվել՝ դատաբժշկին դիմելու համար:
Հովհաննես Գալաջյանը համոզված է, որ իր նկատմամբ կատարված ոտնձգությունը անմիջական
կապ ունի լրագրողական գործունեության եւ իր հրապարակումների հետ:
Կարինե Քալանթարյան
