ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյուլբեկյան 29 շենքի հարեւանությամբ գտնվող հողատարածքը սկսել են «մաքրել» ծառերից եւ վարդի թփերից
Քաղաքապետարանի թույլտվությամբ` այսօր մի խումբ ոստիկաններ եւ մեկ բուլդոզեր
առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Գյուլբեկյան 29 շենքի հարեւանությամբ գտնվող
հողատարածքը սկսել էին «մաքրել» ծառերից եւ վարդի թփերից:
Շենքի բնակիչները փորձել էին դիմագրավել, բայց ոստիկանության աշխատակիցները նրանց
մի կողմ էին հրել` ասելով, որ կա քաղաքապետ Երվանդ Զախարյանի համապատասխան որոշում`
տարածքը փորել: Բնակիչները դիմել էին նույն շենքում բնակվող ԱԺ պատգամավոր Գուրգեն
Արսենյանին` անհապաղ կասեցնելու «բարբարոսոթյունը»: Ինչպես վստահեցնում են
բնակչները, պատգամավորը միջամտել է եւ պահանջել գործողությունը մեկ ժամով կասենել`
մինչեւ պարզվեն պատճառները:
«30 տարուց ավելի է` ամբողջ շենքով մշակում ենք այս հողատարածքը` վարդեր էինք տնկել,
ծառեր, իսկ երեկոներն էլ իջնում էինք այստեղ հանգստանալու: Այսօր տնից դուրս գալուց
տեսնեմ, 5 տարվա տնկած ծառերը արմատախիլ են արել, մի կողմի վրա են դարսել ու
չգիտենք` ուր են տարել: Մի թթենի էլ մեջտեղից կիսել են, վարդի թփերն էլ
ամբողջությամբ ջարդել են ու հողը փորել: Ոնց որ երեխային են մեծացնում, նույն կերպ
էլ այս ծառերն ու թփերն էինք խնամում, մշակում: Հիմա ինձ սպառնում են, որ եթե
հանգիստ ինձ չպահեմ, բաժանմունք կտանեն»,- ասում է բնակիչներից Սվետլաննա Դպիրյանը:
Քիչ անց դեպքի վայր է գալիս Արաբկիր համայնքի թաղապետի օգնական Հակոբյանը, եւ
տեղակացնում, որ թաղապետարանում այս մասին տեղյակ չէին եւ բնակիչների ահազանգերից
են իմացել: «Ինչպես Մոլդովական այգու դեպքում, այնպես էլ այս անգամ թույլ չենք տա
անօրինական գործողություններ տեղի ունենան եւ հարկ եղած դեպքում նաեւ վարչական
տույժերի կենթարկենք: Կդիմենք քաղաքապետին` այդ որոշումը վերանայել»,-ասաց թաղապետի
օգնականը: «Ա1+»-ի այն հարցին, թե մի՞թե թաղապետարանը տեղյակ չի լիում իր տարածքում
քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողություններից, պարոն Հակոբյանն ասաց, որ
այդպես էլ է պատահում, բայց կոնկրետ այս դեպքի մասին տեղյակ չէին: Նա նաեւ
տեղեկացրեց, որ այս հողատարածքը ոմն Մամիկոն Եղունյանի անունով է գրանցված, եւ նրա
պահանջով են հողատարածքը փորում:
Իսկ բնակիչները պատմեցին, որ դեռ 2003թ.-ից են նման «գլխացավանքների» մեջ ընկել,
այն պահից ի վեր, երբ այս հողատարածքը, ինչպես իրենք են ներկայացնում, Էրեբունի
հիվանադանոցի մի կին –միկրովիրաբույժ նվեր է ստացել իր հաճախորդներից մեկից, իսկ
փաստացի ձեւակերպումն ամուսնու անունով է: «Ամեն անգամ նրա մարդիկ գալիս քանդում են,
մենք նորից վերականգնում ենք: Այդ կինն ուզում է եռհարկանի տուն այստեղ կառուցել,
դեռ մայթի մեծ մասն էլ զավթել էր, ընդամենը 1,5 մետր է թողել: Արդեն հիմքը գցել է,
բայց նրան դեռ չի հաջողվել կառուցել»,-ասում է բնակիչներից Սվետան, ով նաեւ քարեր
էր նետում բուլդոզերի վարորդի վրա ու անիծում «անօրեն» ոստիկաններին, ովքեր թույլ
են տվել ամբողջ պարտեզը ոչնչացնել: Իսկ ոստիկաններն իրենց հերթին նրան հիշեցնում
էին հայ կնոջ կերպարի մասին, որին հարիր չէ անիծելն ու անվայել պահվածքը:
Բուլդոզերի վարորդը նույնիսկ միացրեց շարժիչի ձայնը, որպեսզի խլացնի կնոջ խոսքերը:
Կառուցվելիք շենքն, ինչպես վստահեցնում են բնակիչները, խլելու է նաեւ իրենց եւ
կողքի երկու-երեք շենքերի լույսը` ամբողջությամբ խավարի մեջ թողնելով իրենց: Իսկ
Երեւանի քաղաքպետարանի 1-08 ծառայության Արաբկիր համայնքի պատասխանատու Տիգրան
Մնացականյանը, ում եւս ահազանգել էին բնակիչները, ասաց, որ իր տեղեկություններով 60
քառ. մետր տարածքում կառուցվելու է «թեթեւ կոնստրուկցիաներվ տաղավար»: Այս եւ այլ
հարցեր ճշտելու համար նա խոստացավ անձամբ գնալ թաղապետարան ու տեղում պարզել
հողատարածքի օրինականությունը:
Իսկ վերջում եւ բուլդոզերը, եւ ոստիկանները, եւ բոլոր պաշտոնյաները հեռացան` «գործը
կասեցված է պատճառաբանությամբ», իսկ արմատախիլ արված ծառերի փոսերը այդպես էլ
մնացին դատարկ:
