ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մրցանակներ է շնորհել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մրցանակներ է շնորհել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն
անցկացնում է արդեն չորրորդ տարին` 2002 թվականից։ 2006թ. մրցանակակիրներն են.
- 2006թ. ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզպետարանը` որպես «Տեղեկատվության
ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական
կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակը:
- 2006թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է
ճանաչվել Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ» օրաթերթ):
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արտակ
Զեյնալյանը:
- Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային էջ է
ճանաչվել ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը (ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի
քարտուղար Սոնա Տրուզյան):
Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
- Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տրանսպորտի
եւ կապի նախարարությունը։
2005թ. ընթացքում նախարարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կայացած բանակցությունների
նիստերի արձանագրությունները ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի
հարցումներին նախարարությունը տվել է 3 միմյանց հակասող պատասխաններ: Առաջին
պատասխանում նշվել է, թե փնտրվող տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչը պարզվեց` չի համապատասխանում
իրականությանը։ Երկրորդ գրությամբ պատասխանվել է, թե տեղեկություններն, իրոք,
նախարարությունում են, սակայն դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք`
ուստի պետք է որոշակիացնել, թե որ արձանագրությամբ է ԻԱ կենտրոնը հետաքրքրված: Ի
պատասխան 3-րդ հարցմանը` փոխնախարար Վ. Առաքելյանն ուղղակի մերժեց տրամադրել
արձանագրությունները` հիմնավորելով, թե տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի
տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից:
- Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն է ճանաչվել Արմենթելը, որն
ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Այս երկու մրցանակակիրներին տրվել են ժանգոտած կողպեքներ` որպես գաղտնիության
խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում
գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ
ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։
