Ընտրական օրենսգրքի դրույթները վիճարկող պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանը կսկսի քննել նոյեմբերի 7-ին

Նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարանը կսկսի քննել Ազգային ժողովի 27 ընդդիմադիր
պատգամավորների դիմումը՝ Հայաստանի ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ
Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ
Շավարշ Քոչարյանը:

«Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունները,
ինչպես նաեւ մի շարք անկախ պատգամավորներ վիճարկում են հիմնականում դատավորի՝
ընտրական հանձնաժողովի անդամ լինելու հետ կապված հարցերը:

Սահմանադրական դատարանում հարցը զեկուցելու է դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:
Պատգամավորներին ներկայացնելու են Շավարշ Քոչարյանը եւ «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հրայր Թովմասյանը:

Միաժամանակ, հոկտեմբերի 10-ին ընդդիմադիր եւ անկախ պատգամավորների 30
ստորագրությամբ մեկ այլ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Հանրային
ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի՝ Սահմանադրությանը
համապատասխանության հարցը քննելու համար:

Պատգամավորները վիճարկում են դրույթը, որով Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:

Ռուզան Խաչատրյան