ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին հիասթափեցրել է այն, որ նախագահ Քոչարյանը չի ընդունել իրեն

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ)
Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիա Ֆինլին, ով առաջին այցով այս օրերին գտնվում է
Երեւանում, իր հիասթափությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ Հայաստանի
նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդունել իրեն:

Տիկին Ֆինլին, ում այցի հիմնական նպատակը ժողովրդավարացմանն եւ քաղաքական
բարեփոխումներին վերաբերող հարցերի քննարկումն է, Երեւան է ժամանել երեքշաբթի օրը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ հայաստանյան մյուս
պաշտոնյաներից ստացել է հավաստիացումներ, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական
ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Նա նաեւ հորդորել է պաշտոնական Երեւանին`
թույլ տալ, որ ԵԱՀԿ-ն մոնիտորինգի ենթարկի ընտրական ողջ գործընթացը:

«Ես շատ, շատ հիասթափված եմ, որ անգամ կարճատեւ հանդիպում չունեցա ձեր նախագահի հետ»,
- ասաց Ֆինլին: - «Սովորաբար իմ ուղեւորությունների ժամանակ [ԵԱՀԿ-ի անդամ երկրներ]
ես հանդիպում եմ պետության ղեկավարների հետ»:

Հարցին, թե պաշտոնապես ինչպես է մերժվել իր խնդրանքը, դեսպանը պատասխանեց. - «Նրա
ժամանակացույցը լրացած էր»:

Քոչարյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունների,
չորեքշաբթի օրն ունեցել է երկու հանդիպում. ընդունել է ռուսաստանցի
խորհրդարանականների պատվիրակությանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան
գրասենյակի`Հայաստանում իր առաքելությունն ավարտող ղեկավար Ռոջեր Ռոբինսոնին: Անցած
շաբաթ Քոչարյանը չէր ընդունել նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար
Հունին: Ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ Միացյալ Նահանգները պաշտոնապես չէին
շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին անցած նախագահական ընտրություններում (որոնք ԵԱՀԿ-ի
դիտորդները քննադատել էին որպես ոչ ժողովրդավարական) վիճահարույց հաղթանակի
կապակցությամբ:

Ջուլիա Ֆինլին «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց «Մեդիամաքս»
լրատվական գործակալության գրասենյակում` հայաստանյան այլ բարձրաստիճան պաշտոնյաների
հետ ունեցած հանդիպումներից հետո: ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը Երեւանում հանդիպումներ է
ունեցել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանի, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի եւ Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ:

Նա հանդիպումներ է ունեցել նաեւ Հայաստանում քաղաքական բարեփոխումներին հետամուտ
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամերիկացի դիվանագետն ասաց, որ պաշտոնյաներն իրեն հավաստիացրել են, որ Հայաստանի
իշխանությունները ամեն բան կանեն` ապահովելու 2007 թվականի խորհրդարանական
ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: «Ես ուզում եմ հավատալ կառավարության
ներկայացուցիչների ասածներին նույնքան, որքան կառավարությունից դուրս գտնվող
մարդկանց ասածներին», - ասաց նա: - «Ես փորձում եմ ամեն բան հավասարակշռել»:

«Մենք ուզում ենք միայն, որ այս ընտրությունները ճիշտ անցկացվեն, քանի որ
ընտրությունները ժողովրդավարության չորս սյուներից մեկն են», - ասաց Ֆինլին: - «Ես
կարծում եմ, որ գտնվում եմ մի երկրում, որը որոշել է, որ ուզում է ունենալ ճշմարիտ
ժողովրդավարություն»:

Եվրամիության պաշտոնյաներն արդեն նախազգուշացրել են, որ կոպիտ ընտրախախտումների
կրկնությունը լրջորեն կվտանգի Եվրամիության հետ կապերը սերտացնելու` Հայաստանի
ջանքերը, մասնավորապես` երկրի մասնակցությունը Եվրոպական հարեւանության
քաղաքականության ծրագրին:

Ջուլիա Ֆինլին մտահոգված էր այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանությունները
դեռեւս պաշտոնապես չեն հրավիրել ԵԱՀԿ-ին` մոնիտորինգի ենթարկելու 2007-ի
ընտրությունները:

«Հայաստանի համար շատ, շատ կարեւոր է վստահեցնել միջազգային հանրությանը, որ
Հայաստանի իշխանությունները ընտրվել են ազատ եւ արդար ճանապարհով», - ասաց նա: - «ԵԱՀԿ-ն
ընտրությունների մոնիտորինգի ոսկե ստանդարտն է»:

Էմիլ Դանիելյան