ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ խոսքի ազատության ցուցակում Հայաստանը 101-րդն է
Ըստ «Lրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության, այս տարի
Հայաստանը խոսքի ազատության ցուցակում գրավում է 101-րդ հորիզոնականը: Դիտարկված
մոտ 170 երկրների շարքում Հայաստանը զիջում է ոչ միայն Վրաստանին, այլեւ Թուրքիային,
որը վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ դատական գործեր է հարուցել լրագրողների
դեմ ու արժանացել եվրոպական կառույցների քննադատությանը:

Կազմակերպությունը դիմել է երկրում աշխատող լրագրողներին, փորձագետներին,
օտարերկրյա լրատվամիջոցներին՝ խնդրելով մատնանշել անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս
խոսքի ազատության դեմ կիրառված բռնություններն ու սահմանափակումները:
Ըստ կազմակերպության Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների բաժնի ղեկավար Էլզա Վիդաալի,
հայաստանցի լրագրողներն ու փորձագետները նման բազմաթիվ դեպքեր են հիշատակել. - «2
լրագրող ենթարկվել է սպառնալիքների, 5 լրագրող` հարձակման: Նշվում է նաեւ, որ
մասնավոր լրատվամիջոցներում առկա է ինքնագրաքննությունը, իսկ հանրային
լրատվամիջոցներում` պետական գրաքննությունը: Բացի այդ, ըստ մեր ստացած պատասխանների,
Հայաստանում գրաքննվում են նաեւ որոշ ինտերնետային կայքեր»:
Վերջին տարիների ընթացքում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության,
Հայաստանը խոսքի ազատության տեսանկյունից զգալի հետընթաց է ապրել: 2003-2004
թվականներին, օրինակ, Հայաստանը զբաղեցնում էր 90-րդ հորիզոնականը, սակայն անցած
տարի միանգամից 12 կետով նահանջել է, այս տարի` մեկ հորիզոնականով բարձրացել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «կարելի՞ է ասել, որ 2006-ին խոսքի
ազատությունը Հայաստանում բարելավվել է», Էլզա Վիդաալը պատասխանեց. - «Դժվար է
խոսել առաջխաղացման մասին, քանի որ, ինչպես գիտեք, այս դասակարգումը շատ փոփոխական
է, եւ մեկ, երկու կամ երեք հորիզոնականները էական առաջընթաց չեն նշանակում»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա
