34 քրեական գործ թրաֆիքինգի մեղադրանքով

2006 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական
մարմինների վարույթում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.1-րդ, 261-րդ,
262-րդ հոդվածների (շահագործման նպատակով մարդու հավաքագրում, փոխադրում,
պոռնկության կամ սեռական շահագործման ենթարկում, հարկադիր աշխատանքի ներգրավում,
շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավում, պոռնկությամբ
զբաղվելուն նպաստում) հատկանիշներով հարուցված 34 քրեական գործ, որոնցից 29-ը
քննվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում, 3-ը`
ոստիկանության Շիրակի, 2-ը` Լոռու մարզի քննչական բաժիններում:

Քննված քրեական գործերից 20-ը` 30 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: Նշված
քրեական գործերից 16-ը` 24 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ գլխավոր
դատախազության քննչական վարչության, 3-ը` 5 անձի վերաբերյալ ոստիկանության Շիրակի,
1-ը` 1 անձի վերաբերյալ` Լոռու մարզի քննչական բաժինների կողմից:

2006թ. 9 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով սեռական շահագործման է
ենթարկվել 121 անձ, որոնցից 118-ը` կին, 3-ը` տղամարդ: Նույն ժամանակահատվածում
մարմնավաճառությամբ զբաղվելու համար ՀՀ վարչական օրենսգրքի 179.1-րդ հոդվածով
վարչական պատասխանատվության է ենթարկվել 64 անձ:

Դատարանների կողմից, 2006թ. 9 ամիսների ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ եւ
262-րդ հոդվածներով քննված 20 քրեական գործերով դատապարտվել է 26 անձ:

Նշված բնույթի հանցագործությունների դեպքերով դատարանների կողմից լրացուցիչ
նախաքննության գործեր չեն վերադարձվել, արդարացման դատավճիռներ չեն կայացվել,
մեղադրողն առաջադրված մեղադրանքից չի հրաժարվել:

5 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է , 4 քրեական գործ միացվել է, 1
քրեական գործ` ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի կողմից կարճվել է, 4
քրեական գործ` 7 անձի վերաբերյալ, կասեցվել` մեղադրյալների քննությունից թաքնվելու
պատճառով, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: