Բաց դռներ ի նպաստ ընտանիքի

«Ժողովուրդներն ու քաղաքակրթություններն անհետանում են ժամանակի ընթացքում, երբ նրանց վերաբերյալ տեղեկությունները չեն գրանցվում եւ պահպանվում: Նույնը վերաբերում է նաեւ ընտանիքներին, քանի որ ընտանիքը տվյալ մշակույթի եւ հասարակության մի
մասնիկն է»: Այդպես են կարծում Երեւանի ընտանեկան պատմության կենտրոնի պատասխանատուները, ովքեր նոյեմբերի 18-ին կազմակերպել էին բաց դռների օր: Այն հիմնադրվել է 2002 թվականին` Յուտայի ծագումնաբանական ընկերության կողմից, որի
կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում եւ որը հայտնի է որպես աշխարհի ամենամեծ
ծագումնաբանական եւ ընտանեկան պատմության գրադարան` մեկ միլիարդից ավելի անուններ,
երկուս ու կես միլիոն միկրոֆիլմեր, 800.000-ից ավել միկրոֆիշներ եւ 300.000
հնագույն տոհմաբանական գրքեր եւ ձեռնարկներ:

Երեւանի Կենտրոնի բաց դռների օրվա նպատակն էր հաստատության գոյության,
գործունեության եւ բազմազան ծառայությունների մասին հանրությանը տեղեկացնելը:
Կենտրոնի պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենց կառույցը կարող է ծառայել
քաղաքացիներին, ովքեր հետաքրքրվում են ընտանեկան պատմության ուսումնասիրությամբ եւ
ծագումնաբանությամբ: Մատուցվող ծառայություններից է տոհմաբանական աղյուսակների
կազմումը, ինտերնետային որոնումները ծագումնաբանական կայքերում, միկրոֆիլմերով
աշխատելու ուսուցումը, հետազոտության մեթոդների եւ տեղեկությունների
սկզբնաղբյուրների վերաբերյալ խորհրդատվությունը, ուսուցողական սեմինարները:

Այդօրինակ կենտրոններ գործում են 88 երկրներում եւ հովանավորվում են Հիսուս
Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, քանի որ, ինչպես հավաստիացնում են
Կենտրոնի աշխատակիցները, այն շատ մեծ ուշադրություն է դարձնում ընտանիքների
ստեղծման, պահպանման եւ ընտանեկան պատմության վերաբերյալ տեղեկությունների
արձանագրմանը: Կենտրոնները սովորաբար տեղադրված են լինում եկեղեցու ծխերի
մասնաշենքերում, բայց պատասխանատուները հավաստիացնում են, որ դրանք առանց
խտրականության ծառայում են բոլոր ազգերի եւ կրոնների պատկանող անձանց: Գոյություն
ունի նաեւ օրական 50.000-ից ավելի այցելու ունեցող
www.familysearch.org 
ինտերնետային կայքը, որը մատչելի է դարձնում հետագա ծագումնաբանական
ուսումնասիրությունները:

Երեւանի կենտրոնն ունի մասնագիտական գրքերի, տեղանունների բառարանների,
հիշատակարանների, տեղեկատուների եւ միկրոֆիլմերի հավաքածու, որը Յուտայի (ԱՄՆ)
հայկական ծագումնաբանական կենտրոնի նվիրատվությունն է եւ պարունակում է
տեղեկություններ հայկական ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված 15 երկրների`
Ամերիկա, Ավստրալիա, Եգիպտոս, Թուրքիա, Հունաստան, Սիրիա, Հնդկաստան, Ինդոնեզիա,
Հորդանան, Հոլանդիա, Ալբանիա, Ավստրիա, Իսրայել, Բանգլադեշ, Լեհաստան, հայ
գաղթականների մասին:

Կենտրոնի ծառայություններն անվճար են: Այն գտնվում է ք. Երևան, Վրացական 5 հասցեում
և աշխատում է ամեն օր, ներառյալ կիրակի օրը: Ժամերը ճշտելու և լրացուցիչ
տեղեկությունների համար զանգահարել 25-32-06 հեռախոսահամարով: