ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախկին կենտրոնի բնակիչներն այսօր շարժվեցին դեպի Սահմանադրական Դատարանի շենքը
«Ա-մոթ», «Դա-վա-ճան-ներ, հե-ռա-ցեք» վանկարկումներով Ազգային ժողովի շենքից «պետության
կարիքների զոհ» նախկին կենտրոնի բնակիչներն այսօր շարժվեցին դեպի Սահմանադրական
Դատարանի շենքը, որտեղ նրանց էին սպասում Քաղաքացիական անհնազանդություն
շարժման մասնակիցները: Ի դեպ, «անհնազանդների» համար խորհրդանշական դարձած ավելների
թիվն այսօր ավելացել էր:
Քանի որ այսօր Սահմանադրության հանրաքվեի առաջին տարելիցն էր, հավաքված
բազմությունը եկել էր իր ամոթանքը հայտնելու ՍԴ անդամներին: «Անցած տարի ՀՀ
հասարակությունը ցուցաբերեց անհնազանդություն՝ չմասնակցելով այդ ֆարսին եւ
արձագանքեց ընդդիմադիր կուսակցությունների կոչին բոյկոտելու հանրաքվեն: Այսօր եկել
ենք մեր ամոթանքը հայտնենք ՍԴ անդամներին, որոնք աչք են փակում այս բոլոր
ապօրինություններին, որոնք շարունակում են կատարվել: Այս պահին ընդունվում է
հակասահմանադրական օրենքը՝ մարդկանց սեփականությունն օտարելու մասին»,- ասաց
Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր, նախկին արտգործնախարար Ալիկ
Արզումանյանը:
Ապա կոչ արեց հավաքվածներին. «Այս շարժումը թափ է առնելու եւ մեր միակ պահանջը՝
Քոչարյանի եւ իր հանցախմբի հեռացումը, դառնալու է իրականություն: Մենք չենք
սպասելու հերթական ապօրինի ընտրությունների»: Այս կոչին հավաքվածները միաձայն
արձագանքեցին. «Ուռա, ուռա»:
ԼՂՀ «Երկրապահ կամավորականների» միության նախագահ Արկադի Կարապետյանն էլ
հավաքվածներին մխիթարում էր. «Մենք պատերազմի ժամանակ պաշտպանել ենք ժողովրդին
զավթիչներից, ազատագրել ենք հայրենիքը: Այսօր էլ պատրաստ ենք նույն բանը անել.
պաշտպանել ժողովրդին եւ ազատվել դավաճաններից»:
Հանրահավաքին մասնակցում էին ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ մարզերի բնակիչներ:
Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ Գուրգեն Սողոմոնյանին այստեղ էր բերել
գյուղի ծանր վիճակը. «Այսպիսի կառավարություն երկրի վրա չկա, խեղճ հնդկացիները
տրակտորները տվել են ժողովրդի, հասարակության, գյուղատնտեսության համար, ում
դագաղին են օգտագործում: Աղվեսից էլ խորամանկ թալանեցիք ժողովրդին, ինչպես կկուն իր
ձագին: Ժողովուրդն է մեղավոր, որ ամեն մի շուն կարում է թալանի, իսկ մենք չենք
կարողանում արգելել: Այսօր գյուղացին հաց ու վառելիք չունի, բայց մենք էլ երեխաներ
ունենք չէ՞»:
Դալմայի այգետեր Էլմիրա Կոստանդյանը, որը բարձր թափահարում էր ձեռքի ավելը,
խոստանում էր անպայման երկիրը մաքրել ղեկավար կեղտերից:
Իսկ մարզրից եկած մի տարեց պապիկ ժողովրդից պահանջում էր. «Եկեք կացին առնենք, գանք
սրանց վերջը տանք»:
«Հայոց մայրեր» ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը հավաքվածներին համոզում էր, որ
չունենք լիդերի խնդիր. «Բոլորս խոսում ենք, թե ո՞վ է լինելու լիդերը: Լիդերը
այսօրվա շարժման ժողովուրդն է: Իշխանությունները մաքրելուց հետո կլինեն 20 թեկնածու,
նրանցից մեկին կընտրեք»: Իսկ այնուհետեւ ժողովրդի մեջ տարածված այն կարծիքին, թե
Լեւոն Տեր-ՊԵտրոսյա՞նն է գալու իշխանություն, նա հուսադրեց՝ ասելով, որ ոչ մի մայր
չի մոռանա այն մութ ու ցուրտ տարիները, այնպես որ նրան եւս չեն ընդունում:
Ելույթներից, գոչյուններից հետո ցուցարարները կրկին շարժվեցին Ազգային ժողովի շենքի
մոտ, քանի որ այդ պահին այնտեղ քննարկան էր դրված «Պետության կարիքների համար
սեփականության օտարման մասին» օրենքը:
Քանի որ անհնազանդները քայլում էին փողոցներով, ոստիկանության աշխատակիցների եւ
նրանց միջեւ եղավ ընդհարում, սակայն ի վերջո ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին
դուրս բերել փողոցից:
Հանրահավաքն ամենաառաջինը լքեցին շարժման հիմնադիրները:
