Մեղադրյալ մեղադրողներ. կալանավորը հայտարարում է, որ ոստիկանների խոշտանգումների հետևանքով զրկվել է փայծաղից

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Ղամբարյանը չափազանց թույլ
է դատավարությանը ներկա լինելու համար: Ղամբարյանի փայծաղը, որը, նրա հավաստմամբ,
պատռվել է ոստիկանների խոշտանգումներից, հեռացրել են:

Ղամբարյանին ձերբակալել են ապրիլին` մեղադրելով թմրանյութ
պահելու և վաճառելու մեջ: Հոկտեմբերին սկսված դատավարությունը նրա առողջական վիճակի
վատթարացման պատճառով մեկ ամսից ավելի ընդհատվել է:

«ԱրմենիաՆաուն» հնարավորություն է ստացել լուսաբանել Ղամբարյանի դեպքը
արդարադատության նախարարությանը գրած դիմումի շնորհիվ և այժմ ներկայացնում է
կալանավորի կողմից արդեն յոթ ամիս բարձրաձայնվող մեղադրանքները:

Դատավարությունն ընդհատելուց հետո 47-ամյա Ղամբարյանին հոկտեմբերի 10-ին տեղափոխել
են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է լուրջ: Բժիշկներն
արձանագրել են արյան բարձր ճնշում, ստամքոսի խոց և փայծաղի հեռացման
վիրահատությունից հետո, մասնավորապես, ներքին կարերի քանդվելու հետևանքով առաջացած
բարդություններ:

Մասնագետների հավաստմամբ` փայծաղը սովորաբար պատռվում է ուժգին հարվածից:

Ղամբարյանն ասում է, որ նման բազմաթիվ հարվածներ` բռունցքով ու ոտքով, ստացել է
ոստիկանությունում, որտեղ քննիչները ծեծելով ստիպել են «խոստովանել», թե զբաղվել է
թմրանյութերի վաճառքով:

Ղամբարյանն ընդունում է, որ թմրանյութ է օգտագործել: Ասում է, որ մոտ մեկ ամիս
«չեռնյաշկա» է սրսկվել հիվանդ մորը խնամելու ընթացքում, որը, ի վերջո, մահացել է:
Ասում է, թե թմրանյութ ընդունել է գիշերն արթուն մնալու համար:

Պնդում է, որ թմրամոլ չէ, քանի որ չունի «լոմկաներ»: Սակայն նրա մոտ հայտնաբերվել է
հեպատիտ C, որով, հավանաբար, վարակվել է ներարկիչից:

Ոստիկանությունը ձերբակալել է նրան ապրիլի 20-ին` ընկերոջ մեքենայում:

Դատապարտյալների հետ հանդիպման սենյակում ֆիզիկապես շատ թույլ Ղամբարյանը պատմում
էր «ԱրմենիաՆաուին», որ իրեն երկու օր պահել են գրասենյակում` ձեռնաշղթայով սեղանի
ոտքից կապած, և պարբերաբար ծեծել են:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված է, որ Ղամբարյանն
ունեցել է մարմնական վնասվածքներ, այդ թվում` աչքերի տակ կապտուկներ, մարմնի տարբեր
հատվածներում արյունազեղումներ, թիակի սալջարդ, քերծվածքներ, փայծաղի պատռվածք և
ներքին արյունահոսություն: Դժվարությամբ խոսելով` Ղամբարյանը հայտնեց
«ԱրմենիաՆաուին», որ հիշում է ծեծողներից միայն մեկի անունը` Կորյուն [վեցերորդ
բաժնում իսկապես աշխատում է Կորյուն Հարթենյան անունով ոստիկան]:

Այդ վիճակում Ղամբարյանին տեղափոխել են Էրեբունու ոստիկանություն, որտեղ նա խնդրել
է քննիչին բժիշկ կանչել:

Ղամբարյանի հավաստմամբ` քննիչն ասել է, թե կկանչի, բայց նախ ինքը պետք է գրավոր
հաստատի, ինչպես արձանագրված է մեղադրական եզրակացության մեջ, որ 30 գրամ թմրանյութ
է գնել (1000 դոլարով) «ինքնությունը չպարզված Կոլիկից», օգտագործել է այն,
ընկերոջը հյուրասիրել և երկու մարդու վերավաճառել: Ղամբարյանն ասում է, որ
ոստիկանությունն արդեն պահանջել էր իրենից նման խոստովանություն գրել, սակայն ինքն
այնպիսի վիճակում էր, որ ի վիճակի չէր գրելու: Ոստիկանները գրել են, ինքն էլ
ստորագրել է այդ «խոստովանությունը»: Հիմա Ղամբարյանը պնդում է, որ Կոլիկ անունով
մարդ չի ճանաչում:

Ղամբարյանը ասում է, որ Էրեբունու ոստիկանության բաժնում իրեն պաշտպան են
հատկացրել, սակայն դատախազության քննիչի հորդորով ինքը հրաժարվել է նրանից. «Վախում
էի սաղից, պաշտպան բերին իրանց կողմից, քննիչն ասում էր` Արմեն, քեզ պաշտպան պետք
չի: Լավ կլինի, դու մենակ գրի` ինչ ասեմ»:

Խոստովանական ցուցմունքում, որից մասնագիտությամբ ոսկերիչ Ղամբարյանն այժմ
հրաժարվում է, գրված է, որ նա թմրանյութ է վաճառել; Ղամբարյանն ասում է, որ
հարցաքննության ժամանակ ոստիկաններն իր առաջ թմրանյութ են դրել և ստիպել են
խոստովանել, թե իրեն է պատկանում:

Եթե Ղամբարյանին մեղավոր ճանաչեն թմրանյութ պահելու և վաճառելու մեջ, նրան սպառնում
է 7-15 տարվա ազատազրկում:

Ապրիլի 29-ին Նուբարաշենի կալանավայրում Ղամբարյանն ուշագնաց է եղել,
շտապօգնությունը նրան տարել է դատապարտյալների հիվանդանոց, սակայն այնտեղ նրան չեն
կարողացել օգնություն ցույց տալ և տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց, որտեղ
ախտորոշել են փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն և վիրահատել են:

Ղամբարյանն ասում է, որ ահավոր վախի պատճառով Նուբարաշենի մեկուսարանի բժշկական
հետազոտության ժամանակ ասել է, թե վերքերը ստացել է ընկնելուց: Պատմում է, որ երբ
ուժասպառ պառկած էր հիվանդասենյակում, իրեն այցելել է մի քննիչ ու ստիպել ստորագրել
մի թուղթ, թե ինքը ապրիլի 20-ին` ոստիկանություն բերվելու օրը, Էրեբունի թանգարանի
մոտակա այգում պատահաբար ընկնելուց է ստացել վնասվածքները:

Միայն մայիսի 10-ին` հիվանդանոցում պառկած Ղամբարյանը պայմանագիր է կնքել կնոջ
առաջարկած փաստաբան Սուսաննա Մարգարյանի հետ և հայտարարություն գրել
դատախազություն, որ իրեն ծեծել են:

Երևանի դատախազությունը հանձնարարել է Էրեբունու դատախազությանը, որը քննում էր
Ղամբարյանի գործը, քննել նրա դիմումը: Էրեբունու դատախազի տեղակալ Սարգիս
Մնացականյանը ոստիկանության դեմ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է
ընդունել:

Մնացականյանը հարցաքննել է Ղամբարյանին Նուբարաշենի մեկուսարանում առանց փաստաբանի
ներկայության և, ըստ Ղամբարյանի, վախեցնելով ստիպել, որ ասի, թե ընկել է. «Ասեցի`
սաղ գիտեն, որ «վեցում» ինձ ծեծել են: Ասեց` բա դու չե՞ս մտածում, որ էգուց-մյուս
օր գնալու ես գաղութ, ընտանիք ունես դրսում, ու տենց վախացնում էր: Ասի` հիմա ի՞նչ
անեմ, արդեն նադայել եմ եղել: Ասեց` դե ես թելադրեմ, դու գրի»:

Արդարադատության նախարարության կալանավայրերի հասարակական դիտորդական խմբի անդամ,
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ կալանավայրերի
կալանավորների ընդունման բժշկական մատյաններում հաճախ են հանդիպում վնասվածքների
նկարագրություններ, որոնք ակնհայտորեն խոշտանգումների հետքեր են, սակայն
արձանագրված են, որ առաջացել են ընկնելուց:

Իշխանյանն ասում է, որ հետաքննող մարմինների գործելաոճի հիմքում ընկած է խորհրդային
դատախազ Վիշինսկու խոսքը` «Ինքնախոստովանությունը ապացույցների թագուհին է», և
նրանք պրոֆեսիոնալիզմի պակասը լրացնում են խոշտանգումներով, ինչի համար ոչ ոք չի
պատժվում:

Ծեծի փաստը հրապարակելու ու մեղավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու
հետևողական պայքարի համար Ղամբարյանների ու պաշտպանի նկատմամբ, վերջինիս
հավաստմամբ, դատախազության ճնշումները սաստկանում են:

Ղամբարյանի կինը` Սիրանուշը, ասում է, որ քննիչ Տիգրան Թամամյանը ստիպում էր
ամուսնուն հրաժարվել փաստաբան Մարգարյանի ծառայություններից. «Ասում էր` էդ քածին
տարեք իմ ճանապարհից»:

Իսկ Մարգարյանն ասում է, որ քննիչն անընդհատ սպառնում էր իրեն հաշվեհարդար տեսնել
որդու ու ամուսնու նկատմամբ:

Ղամբարյանի դուստրը` 24-ամյա Գայանեն, պատմում է, որ կալանավորման առաջին օրերին
իրենց տունը խուզարկելիս ոստիկանը զենք է դնում ներքնակի տակ ու վախեցնում իրեն.
«Մի պահ գնացել էի բալկոն, խուզարկողներին աչքիցս բաց էի թողել: Հետ եկա ննջարան,
մեկ էլ բարձրացրեց դոշակս, տակը` զենք: Ասեց` բա ասում էիք` տանը զենք չկա: Ես
զարմացած ասի` բայց ես իսկապես չեմ իմացել: Զենքը դրեց կողքը, ասեց` վախդ էինք
ուզում չափել»:

Ղամբարյանները պատմում են, որ քննիչ Թամամյանն իրենց ծանոթներին ու ընկերներին
կանչում էր հարցաքննության ու սպառնում, որ եթե շարունակեն իրենց հետ շփվել, ապա
նրանց նկատմամբ էլ քրեական գործ կհարուցեն: Գայանեն ասում է, որ իր ընկերուհուն
Թամամյանը ցույց է տվել սրճարանում նրանց լուսանկարը ու սպառնացել, թե կմեղադրի
մարմնավաճառության մեջ, եթե շարունակի Գայանեի հետ շփվել:

Սիրանուշը նաև ասում է, որ Թամամյանն իրենից 8000 դոլար կաշառք է ուզել: «Ասեց, որ
երրորդ մասից երկրորդ մաս իջացնեմ» (երրորդ մասը (կազմակերպված խմբի կողմից
առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառություն) նախատեսում է 7-15
տարվա ազատազրկում, իսկ երկրորդ մասը` ապօրինի առևտուր` 5-10 տարի):

Քննիչ Թամամյանը հրաժարվեց պատասխանել «ԱրմենիաՆաուի» հարցերին` պատճառաբանելով, թե
քանի որ գործը դատարանում է, ինքն իրավունք չունի հարցազրույց տալու:

Վահան Իշխանյան,
«ԱրմենիաՆաուի» թղթակից