ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարացված զինծառայողները փոխհատուցում են պահանջելու
Հայաստանի դատական պրակտիկայում աննախադեպ վճռով ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանի
կողմից արդարացված նախկին զինծառայողները փոխհատուցում են պահանջելու շուրջ երեք
տարի ազատազրկման մեջ անցկացնելու համար:
«Երեք երիտասարդները այսօր գտնվում են ազատության մեջ, բայց գրեթե երեք տարի
ազատազրկված լինելը պետք է փոխհատուցվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ
հարցազրույցում երկուշաբթի օրը ասաց արդարացված զինծառայողների շահերի պաշտպաններից
Զարուհի Փոստանջյանը: - «Եվ պետք է փոխհատուցումը տրվի ոչ միայն նյութական, այլ
հենց բարոյական փոխհատուցումն է ամենակարեւորը, որպեսզի հասարակությունը իրեն զգա
պաշտպանված»:
Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 22-ին որոշել էր բեկանել առաջին (որով
զինծառայողները դատապարտվել էին 15-ական տարվա ազատազրկման) եւ վերաքննիչ (որով
պատժաչափը հասցվել էր ցմահ ազատազրկման) ատյանների դատարանների որոշումները: Վճիռը
պաշտոնապես տեղ հասնելուց հետո գործը կուղարկվի լրացուցիչ քննության:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք պետք է մինչեւ վերջ հետամուտ լինեն, որպեսզի
բացահայտվեն ու պատժվեն իրական հանցագործները` սպանություն կատարած անձինք:
Դեռեւս նախաքննության ընթացքում որոշակի կասկածներ կային, որ կատարված
հանցագործությանը ինչ-որ առնչություն է ունեցել զորամասի հրամանատարական կազմի
ղեկավարներից մեկը` Իվան Գրիգորյանը: Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, դեռեւս
նախաքննության ընթացքում գործում ընդգրկված մեղադրյալներից մեկը՝ Արման Գրիգորյանը
ցուցմունք էր տվել գումարտակի հրամանատարի դեմ:
«Կան բազմաթիվ վկայություններ եւ հակասություններ, որոնք տանում են դեպի գումարտակի
հրամանատարություն», - ասաց Փոստանջյանը:
Այն ժամանակ նույնիսկ հրամանատարի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, սակայն
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մեկ գրությամբ Իվան
Գրիգորյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, այս սպանությունների հետ որոշակի առնչություններ ունեն
հրամանատարական կազմի այլ պաշտոնյաներ եւս, ովքեր, ինչպեսեւ Իվան Գրիգորյանը,
շարունակում են իրենց ծառայությունը նույն զորամասում:
Փաստաբանները վճռաբեկ դատարանի կայացրած վճիռը պաշտոնապես ստանալուց հետո
հայտարարություն են ներկայացնելու գլխավոր դատախազություն այն բոլոր անօրինական
քայլերի վերաբերյալ, որոնք կատարվել են նախաքննության ընթացքում:
«Ապօրինի կալանավորվել են Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը», -
մանրամասնեց փաստաբանը: - «Այդ ապօրինությունը թույլ տվողները եղել են ռազմական
ոստիկանության եւ զինվորական դատախազության աշխատակիցները, որոնց անունները բազմիցս
նշել են իմ պաշտպանյալները»:
Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի շահերի պաշտպանները դատական
երկու ատյաններում էլ պնդել են, որ իրենց պաշտպանյալներից ցուցմունք են կորզել
կտտանքների ու բռնությունների միջոցով: Փաստաբանները ե'ւ առաջին, ե'ւ երկրորդ
ատյանի դատարաններում միջնորդել են դատաբժշկական փորձաքննություն անցկացնել: Բոլոր
միջնորդությունները, սակայն, մերժվել են:
Ուստի փաստաբանները հետամուտ են լինելու նաեւ, որպեսզի դատավորները եւս իրենց
կատարածի համար պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ոչ թե ծառայողական քննություն
անցկացվի, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն մեղավորները:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, պատասխանատվության պետք է ենթարկվի նաեւ այն ժամանակ
զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
«Մենք իրավունք չունենք այդպիսի դատախազներ ունենալու: Պարոն Ջհանգիրյանը այն
երիտասարդ, անփորձ դատախազը չէր, որ հաստատեց այս մեղադրանքը: Պարոն Ջհանգիրյանը
այն փորձառու անձնավորությունն էր, որը հաստատեց ապօրինի մեղադրանքը», - ասաց
փաստաբանը:
Այն ժամանակ զինդատախազ, իսկ այսօր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը,
սակայն, ինչպես դեկտեմբերի 22-ին դատավճռի հրապարակումից առաջ էր ասել «Ազատություն»
ռադիոկայանին, որ չի փոխել իր համոզմունքը, որ մարդասպանները հենց այդ երեքն են,
այսօր էլ իր աշխատակիցներին պատվիրեց նույնը փոխանցել:
Կարինե Քալանթարյան
