Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ-ից վտարելու վտանգը դեռ չի վերացել

Շուշիի հատուկ գնդի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանից վտարելու
վտանգը դեռ չի վերացել: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է Քրեական
օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված
հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանի կարծիքով, ԱԱԾ-ն այսօր նախապատրաստական
քարոզչություն է իրականացնում Սեֆիլյանին հայրենիքից վտարելու համար: Դեկտեմբերի
28-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Վահան Արոյանի ձերբակալությունը նույն քարոզչության
շրջանակներում է: ԱԱԾ տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ նրան
ձերբակալել են «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավարներ Ժիրայր
Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՔԵՌԻ ՎԱՆԻԿԻՆ

Ո՞վ է Վահան Արոնյանը: Իրականում նա շատ հայտնի անձնավարություն է եւ մեծ
հեղինակություն է վայելել պատերազմի ընթացքում: Վահան Արոնյանը բնակվում է «Արարատի
մարզի Լուսառատ գյուղում եւ հայտնի է Վանո կամ Քեռի Վանիկ անունով: Ամանորի
նախօրեին ԱԱԾ-ն Քեռի Վանիկի տանը կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերվել է
աննախադեպ քանակությամբ զենք ու զինամթերք պարունակող զինապահեստ: «Մասնավորապես
առգրավվել է տարբեր տեսակի գնդացիրներ, ինքնաձիգեր, ատրճանակներ, «Մուխա» տիպի
նռնականետեր, «Ստրելա» տիպի շարժական զենիթային համակարգ, մեծ քանակով տարբեր
տեսակի նռնակներ, օպտիկական նշանառության հրացաններ, տարբեր տրամաչափի տասնյակ
հազարավոր փամփուշտներ, հակատանկային նռնակներ, ականներ, ծխացող նռնակներ եւ դրանց
գլխիկները, տարբեր տեսակի զենքի պահեստամասեր, ռադիոկապի միջոցներ եւ այլն»,- նշված
է հաղորդագրության մեջ:

Բնականաբար Քեռի Վանիկն իր զինապահեստը մեկ օրում չէր հավաքի: Ժիրայր Սեֆիլյանի
պաշտպանը վստահեցնում է, որ Քեռիի պահեստի գոյության մասին բոլորը գիտեին, այդ
թվում իշխանությունները, որոնք տարբեր առիթներով նրան պարգեւատրել են` իր
զինապահեստը ճիշտ օգտագործելու համար: «Արոնյանը բավականին լավ կապեր ունի եւ
ԱԱԾ-ում, եւ ՆԳԾ-ում, եւ ՊՆ-ում եւ իր կապերը միշտ օգտագործել է սահմանային
շրջանում կարգ ու կանոն հաստատելու համար: Իր բնակավայրում Լուսառատ գյուղում
ցանկացած պահի նա կարող է բոլորին միավորել եւ ռուս սահմանապահների հետ
համագործակցել՝ սահմանը խախտողների նկատմամբ գործողությունների իրականացնելու համար:
Վանիկ Արոնյանը բազմաթիվ ծառայություններ է մատուցել հայ-թուրքական սահմանը
խախտողներին բացահայտելու համար: Լուսառատ գյուղը մշտապես գտնվում է, թե ՀՀ եւ ռուս
սահամանապահների ուշադրության կենտրոնում: Լուսառատում նման արսենալի գոյությունը
չպետք է, որ զարմացներ ԱԱԾ-ին»,- ասաց Վահե Գրիգորյանին:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՒՆԵՐԸ ՔԵՌԻ ՎԱՆԻԿԻՆ

Այն, որ իշխանությունները գնահատում էին հայրենիքին մատուցած Քեռի Վանիկի
ծառայությունները վկայում են մի շարք փաստեր: «1997թ.-ին ՀՀ ԱԱ նախարար Սերժ
Սարգսյանը Վահան Արոնյանին պարգեւատրել է թանկարժեք նվերով՝ զինված հանցագործին
վնասազերծելու ժամանակ ոստիկաններին ցուցաբերած աջակցության համար: Այդ ժամանակ
որեւէ մեկի մոտ հարց չի առաջացել, թե Արոնյանը զինված հանցագործին ինչպես է
վնասազերծել, ինչով եւ ուր է անհետացել այդ զենքը»,- տեղեկացրեց փաստաբանը: Քեռի
Վանիկի պարգեւները սրանով չեն եզրափակվում: Հայրենիքին մատուցած ծառայությունների
համար 2000թ.-ին նա պարգեւատրվել է Երկրապահ կամավորականների հուշամեդալով:
2005թ-ին՝ նա պարգեւատրվել է մարշալ Բաղրամյանի հուշամեդալով: Քեռի Վանիկին իրենց
երախտագիտությունն են հայտնել ոչ միայն ՀՀ, այլեւ ԼՂՀ իշխանությունները. 1994թ.-ին
նրան պարգեւատրել է ԼՂՀ ԳԽ նախագահությունը, իսկ 2001թ-ին՝ ԼՂՀ նախագահը:

Ի՞ՆՉՆ Է ԿԱՊՈՒՄ ՔԵՌԻ ՎԱՆԻԿԻՆ ԵՒ ժԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԱՆԻՆ

Քեռի Վանիկն ու Ժիրայր Սեֆիլյանը մարտական ընկերներ են: Նախքան 1992թ.ը Շուշիի
ազատագրումը նա եղել է Ժիրայր Սեֆիլյանի հրամատարության տակ գտնվող վաշտում: «Պատերազմի
ավարտից հետո, նրանք հանդիպումների պարբերականությունը նվազել է: Հանդիպել են տարվա
ընթացքում մեկ-երկու անգամ: ժիրայրին նա երբեք չի հայտնել, թե ինչ զենք- զինամթերք
ունի, ժիրայրը երբեք նրան չի առաջարկել համագործակցել իր հ/կ-ի շրջանակներում:
Արոնյանը միշտ ասում է, որ չի հասկանում քաղաքական, հասարակական գործուներությունից,
ինքը զինվոր է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը: Նրա ասելով` Ժիրայր Սեֆիլյանը
շատ ավելի մտերիմ ընկերներ ունի զինվորականների շրջանակներում, սակայն խուզարկել են
Վահան Արոնյանի տունը, քանի որ նա զենք ունի, եւ այդ մասին հստակ գիտեին
ստուգողները: Վահե Գրիգորյանի ասելով՝ իշխանությունները հաշվի են առել նաեւ
Արոնյանին ձերբակալման պահը:

«ԶԼՄ-ները հիմնականում արձակուրդում են եւ հասարակությունը չեն կարող ներկայացնել
իրականությունը, իսկ պաշտոնական մամուլը ներկայացնում է այն, ինչ անհրաժեշտ է
իշխանություններին: Այսինքն՝ փորձում են ապացուցել, որ հանրային շահի վտանգը
կանխելը գերակայող է հայրենիքում ապրելու Սեֆիլյանի իրավունքին»: Ինչ վերաբերում է
Վահան Արոնյանին ձերբակալությանը, ապա Վահե Գրիգորյանը գտնում է, որ նրան
ձերբակալելով իշխանությունները սխալվել են.«Նրանք փորձում են լղոզված կապ ցույց տալ
Վահան Արոնյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ, սակայն Արոնյանը երբեք ցուցմունք չի տա
Սեֆիլյանի դեմ, չի ասի այն , ինչը իրականում չկա: Նա շատ սկզբունքային մարդ է եւ
բազմիցս է հրաժարվել օգտվել իշխանական պնակից»:

ժիրայր Սեֆիլյանի փաստաբանի կարծիքով ,այսօր իշխանություններին մտահոգում է ոչ թե
ԼՂ-ի եւ ազատագրված տարածքների վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը, այլեւ
առաջիկա ընտրությունները վերահսկելուն ուղղված նրա հասարակական
գործությունեությունը:

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ

Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 29-ի հրամանագրերով Հայաստանի Հանրապետությունում
օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար
ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանը
պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի
մեդալով: