ԿԸՀ-ն մերժեց հասարակական կազմակերպության` դիտորդական առաքելություն իրականացնելու դիմումը

Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժեց
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության դիմումը
մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական
առաքելություն իրականացնելու վերաբերյալ:

ԿԸՀ-ի հիմնավորմամբ` կազմակերպության ներկայացրած փաստաթղթերը «չեն համապատասխանում
Հայաստանի օրենսդրությանը»:

«Կազմակերպությունը պարտավոր էր, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի
պահանջին համապատասխան, իր ժողովներից առաջինում քննարկել նաեւ իր կանոնադրությունը
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին համապատասխանեցնելու հարցը,
մասնավորապես` կազմակերպության անվանումը: Որովհետեւ, «Հասարակական
կազմակերպությունների մասին» օրենքին համապատասխան, այն չի կարող պարունակել
«Գերագույն խորհուրդ» բառերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում
պարզաբանեց ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը:

Նշված օրենքում իսկապես կա դրույթ, որի համաձայն կազմակերպության անունը չպետք է
պարունակի «Գերագույն խորհուրդ», «Ազգային ժողով» եւ մի շարք այլ
բառակապակցություններ, որոնք կարող են նմանեցվել պետական մարմինների անվանումներին:

Հանձնաժողովի որոշմանը դեմ են քվեարկել միայն 3 անդամներ, որոնք ներկայացնում են
«Արդարություն», «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների
խորհրդարանական խմբակցությունները:

«Ռուբեն Թորոսյանը [«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահը] շատ լավ
տիրապետում է [օրենսդրությանը] եւ ազնվորեն պայքարում է, որ այս երկրում
կարգուկանոն հաստատվի», - ԿԸՀ-ի որոշման՝ իր բնորոշմամբ «միտումնավորությունը»
այսպես հիմնավորեց «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:

Ռուբեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե իրենց
կազմակերպության անվանումը համապատասխանում է օրենսդրությանը` հավելելով, որ իրենց
կազմակերպությունը [նույն անվանումով] դիտորդական առաքելություն է իրականացրել
2003-ի ընտրությունների ժամանակ:

«Իրոք, փոփոխություն եղավ օրենքում, եւ 10-րդ հոդվածում գրվեց, որ «Ազգային ժողով»,
«Կառավարություն», «Գերագույն խորհուրդ» անվանումները պետք է չներառել [հասարակական
կազմակերպությունների] անվանման մեջ, բայց կա շարունակություն` «եւ այն ձեւով, եթե
այդ անունը կարդալիս հասկացվում է որեւէ պետական մարմին», - հավելեց Թորոսյանը`
պնդելով, որ իրենց կազմակերպության անվանումը «ամբողջությամբ համապատասխանում է
օրենքի տառին»:

Նա պնդեց նաեւ, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ նման հարց քննարկել, քանի որ հասարակական
կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանությունը օրենսդրությանը
պետք է քննի արդարադատության նախարարությունը:

ԿԸՀ-ն նույն հիմնավորմամբ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբին թույլ չէր
տվել դիտորդական առաքելություն իրականացնել 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի
ժամանակ, եւ կազմակերպությունը դիմել էր դատարան: Այս անգամ էլ, Ռուբեն Թորոսյանի
խոսքերով, իրենց պատրաստվում են անցնել դատական բոլոր ատյաններով` ընդհուպ մինչեւ
Եվրոպական դատարան:

«Ազատություն» ռադիոկայանին արդարադատության նախարարության պետական ռեգիստրից
փոխանցեցին, որ այս հասարակական կազմակերպությունը իրենց մոտ գրանցված է:

Ռուզաննա Ստեփանյան