ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կհամարձակվե՞ն քանդել Կոզեռնի ավտոտնակները
Այսօր Կոզեռն թաղամասում, բնակիչների հավաստմամբ, տեղի էր ունենալու ապօրինի
իրացման առաջին փորձը: Այս մասին նրանք տեղեկացել էին երեկ քաղաքապետարանում, երբ
մի քանի հոգով գնացել էին իրենց հուզող խնդիրների պարզաբանումները ստանալու:
Ըստ այդ տեղեկությունների, այսօր քանդելու էին Հովհաննիսյաններին պատկանող
ավտոտնակը, որը գտնվում էր ՀՀ պաշտոնատար անձանց պետական պահպանության ծառայության
նորակառույց շենքի հարեւանությամբ եւ ըստ երեւույթին խանգարում էր շինարարական
աշխատանքներին:
Հիշեցնենք, որ 2004թ մարտին ՀՀ կառավարության 415Ն որոշմամբ պետական կարիքների
համար Կոզեռն թաղամասը համարվել էր իրացման գոտի: Սակայն, բնակիչների կարծիքով, դա
դեռ բավարար հիմք չէ հենց այդպես՝ առանց զգուշացնելու, առանց սեփականության
վկայական եւ համապատասխան փոխհատուցում տալու, գալ ու քանդել ավտոտնակը: Նշենք, որ
1930թ. այստեղ ապրող բնակիչներից շատերը դեռ չունեն գրանցման վկայական:
Շուրջ 110 ընտանիքներից երկուական անդամներ հենց ավտոտնակի առջեւ այսօր կազմակերպել
էին բողոքի ակցիա՝ հայտարարելով, որ. «Թեկուզ Պաշտպանության նախարարն էլ գա իր զենք
ու զրահով, միեւնույն է՝ արյուն կթափենք, բայց այս ավտոտնակը չենք թույլ տա քանդել:
Մենք պատրաստ ենք խարույկ վառել ու գիշերել այստեղ»: Ավտոտնակի վրա փակցրել էին
տարբեր կոչերով ցուցապաստառներ՝ «Տնաքանդությունը մեղք է», «Օրենքը պետք է բխի
ժողովրդի շահերից», «Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյան, մի
ոտնահարի Սահմանադրությունը»: «Մենք այստեղ կմնանք այնքան, մինչեւ պաշտոնապես
չհայտարարեն, որ ոչ մի իրացում էլ տեղի չի ունենալու: Հակառակ դեպքում կսպասենք
այնքան, մինչեւ տեսնենք, թե ո՞վ է իրացման փորձի հեղինակը, ո՞ւմ համար է այսօր
փորձը փորձանք դառնալու»,- հայտարարեց կոզեռցիների շահերը ներկայացնող «Համայնք եւ
իրավունք» ՀԿ-ի ղեկավար Սամվել Մկրտչյանը:
Ավտոտնակի սեփականատեր Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ երբ մի քանի օր առաջ քանդում
էին ավտոտնակի մետաղյա շարժակալը, ոչ մի աղմուկ չբարձրացրին, քանի որ դրա համար
որեւէ փաստաթուղթ չունեին: Սակայն, ինչ վերաբերում է ավտոտնակին, ապա դեռ 2006թ.
սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը կայացրել է սեփականության վկայական տալու
որոշումը: Սակայն, կադաստրի պետական կոմիտեն, բնակիչների կարծիքով, անհիմն
պատճառաբանություններով հրաժարվել է տրմադրել սեփականության վկայական՝ ասելով, թե՝
«արդեն երկու անգամ դիմել եք նույն հարցով, մերժել ենք»:
Սամվել Մկրտչյանն ավելացրեց, որ կադաստրի կոմիտեն խտրականություն է դնում
բնակիչների միջեւ. նմանատիպ խնդիրներ ունեցող մի քանի բնակիչների, այնուամենայնիվ,
տրվել է վկայական: «Հիմա ո՞րն է խնդիրը: Մեզ ճիշտ հասկացեք՝ մենք դեմ չենք
կառուցապատմանն ու իրացման գործընթացին, բայց նախ թող մեզ տան մեր սեփականության
վկայականը, ապա պետության հետ կնստենք կլոր սեղանի շուրջ եւ առքուվաճառք կանենք
օրինականության սահմաններում»,- նշում է Սամվել Մկրտչյանը:
