ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ում քննարկվեց երկքաղաքացիություն հարցը
Հայաստանի Ազգային ժողովում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների հարցի քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանն ավելի շատ քաղաքական պայմանավորվածությունների երկիր է:
Քննարկման ժամանակ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ երկքաղաքացիություն արտոնող դրույթը սահմանադրության մեջ է մտել քաղաքական համաձայնության արդյունքում, եւ եթե երկքաղաքացուն ընտրելու իրավունք վերապահվի` ՄԱԿ-ը դեմ կքվեարկի փոփոխություններին, քանի որ քաղաքական նման համաձայնություն չի եղել: Հանրապետականը նույն անկեղծությամբ չի խոսում, բայց նկատում է, որ երկքաղաքացիությունն արտոնելով` խնդիրներ ենք ստեղծում. մի գուցե խթանվի արտագաղթը կամ լինեն բացասական այլ հետեւանքներ: Երկքաղաքացիությանը կողմ, սակայն նրանց ընտրելու իրավունք տալուն դեմ են ընդդիմադիր ուժերը. դրսում ապրողները չպետք է որոշեն` ներսում ով լինի իշխանություն տրամաբանությամբ: Արշակ Սադոյանի համոզմամբ, սա արվում է, «որ հնարավորություն ստեղծվի կոնկրետ ուժի լրացուցիչ ձայներ փախցնելու համար»:
Երկքաղաքացիությանը եւ երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալուն միանշանակ կողմ է ՀՅԴ-ն: Ըստ այս կուսակցության ներկայացուցիչների, երկքաղաքացիությունը կնշանակի պատմական արդարության վերականգնում: Ուշագրավ է, որ ՀՅԴ-ականները ոչ թե փորձեցին համոզել, որ երկքաղաքացիությունն իր հետ վտանգներ չի բերում, այլ որ այդ վտանգները հիմա էլ կան: Օրինակ, կեղծ փաստաթղթով երկքաղաքացի դառնալու վտանգի մասին խոսողներին ի պատասխան, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ հիմա էլ Հայաստանում մարդիկ կեղծ փաստաթղթով եւ բանակից են ազատվում, եւ այլ հարցեր լուծում: Ի դեպ, ՀՅԴ-ում կարծում են, որ մեր քաղաքացիությունը գրավիչ կարող է լինել ազատ հասարակությամբ, եւ որ հայը զգա, որ սա իր երկիրն է: Վահան Հովհաննիսյանը թվաբանությամբ ցույց տվեց, որ դրսի 1000 ձայնը` «ինքնաթիռով ընտրող բերելը», կարժենա այնքան, որքան այստեղ վաղուց ծախսում են այլ ուղղություններով ու պատգամավոր դառնում: Այլ խոսքով, Վահան Հովհաննիսյանն ընդունում է, որ Հայաստանում պատգամավոր են դառնում ոչ թե ժողովրդի կամոք, այլ` փողով:
ՀՅԴ խմբակցության նախագահ Հրայր Կարապետյանը ակամա խոստովանեց, որ երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում: Նա նկատեց, որ շատ սփյուռքահայեր Հայաստանի կամ Ղարաբաղի համար մեծ վաստակ են դրել, անգամ զոհվել, չմտածելով անգամ քաղաքացիություն ստանալու մասին: Երկքաղաքացիության դեմ արտահայտվողներն էլ հենց դա են ասում. հայրենիքում ներդրումներ անելու համար քաղաքացիությունն անհրաժեշտ պայման չէ:
