«Դաշինք» կուսակցությունը մշակել է ընտրակեղծիքների դեմ պայքարի տեխնոլոգիա

Մենք մշակել ենք ընտրակեղծիքների դեմ պայքարի, դրանք կանխելու տեխնոլոգիա, բայց չենք պնդում, որ դա կլինի աներկբա արդյունավետ, ասել է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը: Նա հայտարարել է, որ իրենց մշակած տեխնոլոգիան դեռ գործնական քննություն չի անցել, չկա արդյունավետության չափման հիմք եւ դրա համար էլ ինքը չի մանրամասնի այն: Անդրանիկ Թեւանյանը նշել է, որ ընտրության օրը կերեւա մեխանիզմի գործունակությունը:

«Եվ ընտրական այդ համակարգի կայացումից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ ենք մենք ստանալու 2007-ից հետո: Ակնհայտ է, որ 2007-ի ընտրությունները դրանք համարյա թե նախագահական ընտրություններ են, իսկ համարյա թե նախագահական ընտրության պարագայում կարեւոր է, թե ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու 2007 թվականից հետո», ասում է Անդրանիկ Թեւանյանը:

Թեւանյանը նաեւ հայտարարել է, որ «Դաշինքը» չի պատրաստվում պառլամենտում զբաղեցնել պատվավոր ընդդիմության տեղ եւ աթոռ մաշել: Եթե կուսակցությունը տեսնի, որ չունի այն կշիռը խորհրդարանում, որ հնարավորություն ունենա երկրում իրականացնել համակարգային փոփոխություններ, ապա կհրաժարվի մանդատից, քանի որ չեն գնում ուղղակի նստելու: «Մենք ոչ թե ինչ որ թվերի հետ կապված ենք ասում կլինենք, չենք լինի: Մեզ համար նույնիսկ էական չի, թե քանի տոկոս մենք կհավաքենք: Մեզ համար էական է, արդյոք այդ տոկոսը հնարավորություն կտա այնպիսի համամասնություն ձեւավորել Ազգային Ժողովում, որը կգնա բարեփոխումների: Եթե դուք որպես ընդդիմություն մտնում եք պառլամենտ, իսկ իշխանական ուժերը, որոնք վերարտադրվել են, ունենում են կամ 51 տոկոս, կամ 70 տոկոս, արդեն էական չէ, թե դու քանի տոկոսանոց ընդդիմություն ես, միեւնույն է, ձայների մեծամասնությունը գտնվում է այդ ուժերի ձեռքին: Կարեւոր չէ այն, թե դու քանի տոկոս կհավաքես, կարեւոր է այն, թե որ ուժերը քանի տոկոս կհավաքեն եւ արդյոք դա հնարավորություն կտա կոնկրետ «Դաշինքին» մասնակցել փոփոխություններին», ասում է Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, եթե տեղի ունենա վերարտադրություն, ապա երկրում փոփոխություն ակնկալելը ավելորդ է:

Նախընտրական գովազդի համար վճարովի հեռուստատեսային եթերաժամի սահմանած սակագներից դժգոհ է նաեւ «Դաշինք» կուսակցությունը: «Ես կարծում եմ, որ լուծումներ կգտնվեն, եւ հեռուստաընկերություններն էլ թերեւս կհասկանան, որ այդպիսի սակագին սահմանելով, եվ այդպիսի քաղաքականություն վարելով իրենք չեն կարողանա ապահովել հավասարակշռություն», ասում է Անդրանիկ Թեւանյանը:

Նա նշել է, որ եթե իրենք չկարողանան հավաքել անհրաժեշտ գումար, ապա կաշխատեն իրենց տարբերակով` կընտրեն ժողովրդի հետ կենդանի շփումը: Անդրանիկ Թեւանյանը նշել է, որ «Դաշինքն» այդ պրակտիկան արդեն կիրառում է, ընդ որում հանդիպումների ընթացքում, բացի կուսակցության ծրագրից, այլ բան չի բաժանում մարդկանց եւ չի բաժանելու: