Հայկական ժողովրդագրությունը եւ ընտրությունը

Գործիչներից մեկը վստահ է, որ հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից: Դատելով Հայաստանի միգրացիոն վիճակից` բնակչության տեղաշարժից, ՀՀ իշխանությունները 2007 թվականի ընտրություններին պատրաստվել են հենց 2003 թվականից: Սույն հրապարակման մեջ ներկայացված բոլոր թվերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տարածած տեղեկանքներից են:

Ըստ տարիների. 2001 թվականին երբ Անդրանիկ Մարգարյանը դեռ նոր էր բոլորում վարչապետության առաջին տարին, Հայաստանից մեկնել է 568 600 մարդ, ժամանել` 508211 կամ 60389-ով պակաս: Բնակչության տեղաշարժի 2002 թվականի հաշվեկռիշը էլի ի վնաս Հայաստանի է. ժամանել է 590 654 մարդ, մեկնել` 593 373-ը` տարբերությունը` 2719: Բայց մեկ տարում ժամանողների եւ հեռացողների տարբերության թիվը պակասել է մոտ 20 անգամ: Իսկ 2003 թվականին, երբ ԱԺ եւ նախագահի ընտրություններ էին, ողջ աշխատանքը «ջուրն է ընկել». Հայաստանից մեկնել են 628 509 մարդ, ժամանել` 618 348-ը. տարբերությունը` 10161 մարդ` ժամանողների եւ հեռացողների տարբերության թիվն աճել է 4.5 անգամ:

2004 թվականին հավանաբար հիշել են, որ ընտրություններ դեռ էլի են լինելու, եւ ստացվել է հետեւյալ պատկերը: 2004 թվականին Հայաստան է ժամանել 739 886 մարդ, մեկնել` 737 826, կամ 2060 մարդով ավելի ժամանել են, քան հեռացել: 2005 թվականին այս տարբերությունը աճել է մոտ 6 անգամ. Հայաստան ժամանածների թիվը 12 520-ով գերազանցել է մեկնողների թիվը: Եկել է 845 844 մարդ, հեռացել` 833 324-ը: 2006 թվականին այս բարձր տեմպը պահպանվել է ու դեռ աճել մոտ երկու անգամ. Հայաստան է եկել 983 741 մարդ, մեկնել` 961 985-ը: Եկածների թիվը հեռացածներից ավել է 21756-ով:

Միգրացիայի գործակալությունը չի նշում, թե ով ինչ նպատակով է Հայաստան եկել, բայց որ արձանագրում է եկողների աճ, արդեն նշանակում է, որ մի բան կա: Նույն աղբյուրը նշում է, որ Հայաստանից արտամղող` վանող գործոններ են երկրի սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, տարերային աղետները, կամ այլ խոսքով ասած քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կատակլիզմները: Ի հավելումն, այլ երկրների ձգող գործոնները` բարձր կենսամակարդակ, քաղաքական կայունություն եւ այլն: Հայաստանի պարագայում լրացուցիչ ձգող գործոն է նաեւ սփյուռքի առկայությունը:

Փաստորեն, եթե հավատանք, որ Հայաստանը վագրային թռիչքներով երկնիշ առաջ է գնում եւ Հայաստանից վանող գործոնը` երկրի սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները չկան, մեկ է, պետք է արձանագրենք, որ ձգող գործոնները դեռ կան: Օրինակ, ընտրությունները: