Հրանուշ Խառատյանը դեմ է «ՀՀ եւ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրինագծին

ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունը բազմաթիվ պրոբլեմներ ունի «ՀՀ եւ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրինագծի հետ, փետրվարի 16-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչության պետ Հրանուշ Հակոբյանը: Նախագծի հեղինակը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն է, նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է: «Ես դեմ եմ այդ օրենքի նախագծի բոլոր հոդվածներին, ինձ համար անհասկանալի է նախեւառաջ այդ օրենքի նախագծի փիլիսոփայությունը: Իմ կարծիքով, որպես իրավական նորմ նրա բոլոր հոդվածները վիճարկելի են»:

Հրանուշ Խառատյանը հրապարակել է նաեւ հետաքրքիր տեղեկություն` Հայաստանում կան ադրբեջանցիներ, որոնք սակայն չեն ձեւավորվել որպես էթնիկ խումբ կամ ազգային փոքրամասնություն: Հրանուշ Խառատյանի կարծիքով, ադրբեջանցիները նման ցանկություն չունեն, «մի գուցե տագնապ ունեն, որ դա իրենց շահերից չէ»: Իր հերթին, Հայաստանը չի կարող կոնկրետ թվեր հրապարակել Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասին, քանի որ ստորագրել է բնակչության եւ որոշ վիճակագրական տեղեկությունների հաղորդման վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, համաձայն որի երկրները պարտավորվում են վտանգի կամ վտանգ զգացող խմբերի մասին թվային տեղեկություններ չհրապարակել:

Հրանուշ Խառատյանը տեղեկացրեց, որ այս պահին ադրբեջանցիներ են ապրում Երեւանում, Արմավիրում, Վարդենիսում եւ այլուր: Կան ադրբեջանցիներ, որ 88-ին Հայաստանից հեռացել են, հետո վերադարձել: Հրանուշ Խառատյանը ճանաչում է երկու քույրերի, ովքեր իրենց մոր հետ մոտ 20 տարի առաջ հեռացել են Ադրբեջան, սակայն երբ այնտեղ նրանց մորը սպանել են` վերադարձել են «այս աշխարհում իրենց հայտնի միակ տեղը` իրենց հարազատ գյուղը»: Երկու քույրերն էլ ամուսնացել են հայերի հետ, եւ ոչ մի խնդիր չկա: