ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արգելվել է ժամանցի կենտրոնների գիշերային ժամերի գործունեությունը
ՀՀ ոստիկանությունում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը` մայրաքաղաքում գործող ժամանցի վայրերում հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների նախականխման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, որի արդյունքների եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետ Հ.Հարությունյանը:
Ոստիկանապետի ներկայացրած տեղեկանքի համաձայն, ի թիվս այլ միջոցառումների, Երեւանի Կենտրոնի թաղապետարանի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելվել է «Ալեն-Էլեն» եւ «Քրաշ» ժամանցի կենտրոնների գիշերային ժամերի գործունեությունը:
Ըստ տեղեկանքի, ժամանցի կենտրոններում, ինչպես նաեւ մայրաքաղաքում գործող հասարակական այլ վայրերում հաճախակի են արձանագրվում հարբած վիճակում չարամիտ խուլիգանություն կատարելու, կյանքին վնաս սպառնացող մարմնական վնասվածքների, հափշտակությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր: 2005 թվականի եւ 2006թ. 1-ին կիսամյակի ընթացքում զվարճանքի վերը նշված երկու վայրերում կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել են 20 քրեական գործեր:
