Երկքաղաքացիությունն անցավ առաջին ընթերցումը

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Երկքաղաքացիության մասին օրենքի նախագիծ-փաթեթը: Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 6, ձեռնպահ` 0: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը սպառնացել էր, որ եթե այս օրենքը չընդունվի, ՀՅԴ դուրս կգա կոալիցիայից:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողներին հայտնել է, թե չի բացառում, որ Երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթում կարող են սկզբունքային փոփոխությունների լինել: Ընդ որում, մի շարք փոփոխություններ մտադիր է առաջարկել Հանրապետական կուսակցությունը, մասնավորապես` երկքաղաքացիություն ունեցողների ընտրելու իրավունքի վերաբերյալ: Տիգրան Թորոսյանը այս առիթով նշել է, թե երկրի ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր իրենց ուսերին են կրում Հայաստանի հոգսերի բեռը: