ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Այլընտրանք» նախաձեռնության առաջին հանրահավաքը
19 տարի առաջ հավաքվելով Ազատության հրապարակում, հայ ժողովուրդն իր մեջ սպանեց ստրուկին եւ բռնեց ազգային վերելքի ուղին: Փետրվարի 20-ին, համազգային Շարժման տարեդարձի կապակցությամբ Այլընտրանք միավորման հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթն այդ մտքով սկսեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Ելույթ ունեցողները, հիշելով Շարժման գաղափարներն ու նպատակները, փաստեցին, որ դրանք մնացել են անկատար եւ այն Հայաստանի փոխարեն, որ երազում էր եւ որի համար պայքարի ելավ ժողովուրդը, ներկայում ունենք վարչակրիմինալ օլիգարխիայի իշխանության տակ գտնվող երկիր, որը թաղված է կոռուպցիայի, մարդու իրավունքի ոտնահարման, խոսքի ազատության անտեսման եւ համատարած այլ ապօրինությունների մեջ:

Նախաձեռնությունը հանրահավաքից հետո կատարեց երթ դեպի Ռադիոտուն, որպեսզի իր դիմումը հանձնի Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը: Դիմումով Այլընտրանքը պահանջում է, որ հանրային հեռուստատեսությունը եթերային հնարավորություն տա հասարակությանը ներկայացնել իր գաղափարները, որոնք պահանջված են ու հետաքրքրություն են ներկայացնում: «Հանրային հեռուստատեսությունը ստեղծվել է պետության կողմից, ֆինանսավորվում է հարկատուների հաշվին, եւ գործում է Հեռուստատեսության ու ռադիոյի մասին ՀՀ օրենքով, որի 28-րդ հոդվածի համաձայն կոչված է ապահովելու մարդու սահմանադրական իրավունքը, այսինքն ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվություն», ասված էր Այլընտրանքի դիմումի մեջ: Մինչդեռ հանրայինի եթերը ողողված է ընդամենը մի խումբ անձանց սպասարկող ինֆորմացիայով, իսկ 2006 թվականի դեկտեմբերին եթեր տրամադրելու մասին Այլընտրանքի դիմումը Հանրայինը մերժել է դեմագոգիկ պատճառաբանությամբ, հանրությանը տեղեկացրին Այլընտրանքի անդամները, որոնք հանրահավաքի մասնակիցների ուղեկցությամբ երթով հասան Ռադիոտուն եւ դիմումը հանձնեցին հանրայինի ղեկավարության ներկայացուցչին:
