ՀՅԴ համամասնական ցուցակը դեռ պատրաստ չէ

Եվրոպական կառույցները հայտարարում են, որ Հայաստանում սկսած 1990 թվականից ընտրությունները ազատ, արդար չեն եղել, իսկ ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ Հայաստանում ոչ հիմա ոչ էլ նախկինում այն վիճակը չի եղել, որ ընտրություններից առաջ ինչ-որ մարդիկ ինչ-որ թվեր նկարեն եւ այդ սցենարը իրականացնեն: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը խոսել է փետրվարի 22-ին «Տեսակետ» ակումբում: ՀՅԴ համամասնական ցուցակը դեռ պատրաստ չէ, բայց մինչեւ մարտի 3-ը, ցուցակը հայտնի կդառնա: Արմեն Ռուստամյանի կանխատեսմամբ ցուցակը անսպասելի չի լինի:

ՀՅԴ կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ հայտարարեց, որ ներկոալիցիոն քաղաքական պայմանավորվածության համաձայն, քվեարկում է 90 համամասնական, 41 մեծամասնական հարաբերակցությամբ ընտրակարգի օգտին: Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ 2012 թվականի ԱԺ ընտրությունները կլինեն 100 տոկոս համամասնական: Իսկ մինչ այդ` 2007-ին, ՀՅԴ-ն արդեն հիշելով, որ կողմ է համամասնականին մեծամասնական թեկնածուներ կառաջադրի ոչ բոլոր 41 ընտրատարածքներում: Բայց 41-ում էլ կպաշտպանի այս կամ այն թեկնածուին` իր չափանիշներով լավագույն թեկնածուին: Թեկնածուները հիմնականում իշխանական եւ մերձիշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ կլինեն, նաեւ «Բարգավաճ Հայաստանի» անդամներ, ասաց Արմեն Ռուստամյանը:

Մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմությունը չի կարող հաջողություններ ունենալ, քանի որ նախ չի կարող անհատների պայքարին քաղաքական շունչ հաղորդել եւ հետո` պատմությունն էլ ցույց է տալիս, որ մեծամասնականով 90 տոկոսով ընտրվում են մերձիշխանականները, հայտարարեց բանախոսը: Նաեւ կրմինալը, հավելեցին լրագրողները: «Ընտրական գործընթացների մեջ արատավոր հարաբերությունները լավագույն ծաղկումն են ստանում մեծամասնական ընտրակարգի պարագայում: Այս ձեւով ստացած մանդատը այն մանդատը չի, որ կօգնի ՀՅԴ-ին իր առջեւ դրած ծրագրերն իրականացնել», իր հերթին նկատեց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն Հայաստանում ունի մոտ 7000 անդամ ու շատ համակիրներ: «Քվեաթերթիկների քանակը դեռ ընտրազանգված չէ: Քվեաթերթիկները անշունչ թերթիկներ են, իսկ ընտրազանգվածը դրանք համակիրներ են, ովքեր իսկապես հավատում են այս կուսակցությանը, ընդունում են նրա գաղափարները եւ եկել-քվեարկել են հենց դրա համար», կարծում է բանախոսը: