ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգությանը» թույլ տվեցին հավաքել իրերը
27 փետրվարի 2007թ., Երեւան: Տեւական քաշքշուկներից հետո, վերջապես, ՀՀ
արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ)
ծառայության շուրջ մեկ տասնյակի հասնող աշխատակիցներ այսօր բացեցին «Ժառանգություն»
կուսակցության գլխադասային գրասենյակի մուտքի կապարակնքված դռներն ու աշխատակազմին
հնարավորություն ընձեռեցին դուրս տանելու սեփականության իրավունքով Րաֆֆի
Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը» պատկանող գույքը, որը շուրջ մեկ տարի ապօրինաբար
պահվում էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի
վարձակալված տարածքում:
Կուսակցության ներկայացուցիչների հետ համատեղ տարածքը զննելիս Րաֆֆի Հովհաննիսյանի
աշխատասենյակում նկատվեցին գույքի եւ պիտույքների որոշ տեղաշարժեր: Սակայն,
չանսալով «Ժառանգության» ներկայացուցիչների օրինական պահանջին, ԴԱՀԿ ծառայությունն
այդպես էլ չարձանագրեց ակնհայտ փաստը:
Կուսակցության գրասենյակի դռների բացմանը նախորդել են ամիսներ տեւած եւ անպատասխան
մնացած բազմաթիվ գրավոր դիմումներ` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին,
գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին եւ ԴԱՀԿ ծառայությանը: Առաջին եւ
միակ պատասխանը ստացվեց երեկ, այն բանից հետո, երբ փետրվարի 23-ին հրավիրված
մամուլի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ Ազգային ժողովի
ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունների, դաշինքների եւ անհատների
առաջադրման փուլի մեկնարկ «Ժառանգությունը» թեւակոխում է անօրինական կերպով կողպված
գրասենյակով, գերեվարված գույքով ու փաստաթղթային խարիսխով, այդ թվում գրանցման
համար անհրաժեշտ` կուսակցության Կանոնադրության բնօրինակով: Հովհաննիսյանը խոստացել
էր «արտակարգ իրավիճակում» ապահովել իր քաղաքացիական իրավունքները, եթե դռներն
անմիջապես չբացվեին:
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի արգելափակման հետ կապված գրեթե մեկամյա
ոդիսականն, այդպիսով, հասավ հաջորդ հանգրվանին: Նոր հասցեն է` Երեւան 0002,
Մոսկովյան 31, բն. 76ա:
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի
Հանրապետության ողջ տարածքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն»
կուսակցության էլ. փոստով՝ office@heritage.am կամ
info@heritage.am եւ այցելելով
www.heritage.am կայքէջը:
