Հանուն արդարության եւ փոխըմբռման

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի համար Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը առաջադրում է անվանի հասարակական գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի թեկնածությունը: Սույն որոշումը միաձայն ընդունվեց փետրվարի 28-ին տեղի ունեցած ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի նիստում:

Գիտական խորհրդի անդամները բնութագրեցին պրն. Դինքին որպես ինքնատիպ, օրինակելի հոգեկերտվածքով, եզակի հայի, ազնիվ, խելացի եւ վեհ գաղափարների տեր անձնավորության, եւ ի վերջո համարձակ հասարակական գործչի, ով չեր երկնչում Թուրքիայում արտասանել «հայերի ցեղասպանություն» բառերը: Բարձր գնահատականի արժանացավ ս.թ. հունվարի 20-ին Ստամբուլում դավադրաբար սպանված մեր հայրենակցի նշանավոր ներդրումը պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների միջեւ փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում:

- Հրանտ Դինքը այն անհատներից էր, որն իր մահվամբ թուրք հասարակության համար օրակարգի հարց դարձրեց ատելության, ծայրահեղականության, անհանդուրժողականության դեմ պայքարը` հանուն սիրո, հանդուրժողականության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի,- նշում է ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնի ղեկավար Վալերի Պողոսյանը: - Նրա հուղարկավորության ժամանակ առաջադրված կարգախոսները կարծես թե վկայում են, որ Թուրքիայում առկա են վերափոխման ուղիով առաջնորդվող բավականին ստվար ուժեր:

Արժանին մատուցելով Հրանտ Դինքի գործունեությանը, ԵՊԼՀ գիտական խորհուրդը գտնում է, որ նա հիրավի արժանի է հետմահու ներկայացվելու վերը նշված բարձր եւ պատվավոր մրցանակին:

ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը, համանուն վկայագրի, շքանշանի եւ 10 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգեւի ձեւով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով շնորհվում է յուրաքանչյուր տարի: Շնորհվում է երկու մրցանակ. մեկը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մյուսը` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց: Մրցանակը ֆինանսավորում է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը (Ֆրանսիա):

ԵՊԼՀ լրատվական ծառայություն