Ընտրողների 60 տոկոսը կին են

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը համոզված է, որ մեր սոցիալական, մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներում զարգացումները կախված են լինելու նրանից, թե կինը որքանով է ներգրավված լինելու դրանցում եւ մասնավորաբար ԱԺ ընտրություններում: Նշելով, որ մեր ընտրողների մոտ 60 տոկոսը կին են, Հրանուշ Հակոբյանը նկատում է, որ Հայաստանում գործում է ավանդույթի ուժը, ընտրողն ավելի շատ վստահում է ուժեղ կամային հատկանիշներ ունեցողին` տղամարդուն: Հայաստանում չկա կին առաջնորդներ պատրաստող դարբնոց, դա պետք է անեն կուսակցությունները, ասում է Հրանուշ Հակոբյանը: Նա հպարտությամբ է նշում, որ իր առաջարկով ՀՀ ընտրական օրենսգրքով` հոդված 100, ամրագրվել է, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների համամասնական ցուցակների 15 տոկոսը պետք է կին լինի, առաջին տասնյակում պետք է անպայման կին լինի:

Քաղաքականության մեջ կնոջ դերը բարձրացնելու գործում Հրանուշ Հակոբյանը կարեւորում է նաեւ ընտանիքի դերը, որքանով ենք մենք պատրաստ մեր կնոջը, քրոջը, դստերը տեսնել քաղաքականության մեջ, տեսնել առաջնորդ: Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ մտավոր ունակություններով կինը տղամարդուն չի զիջում, պարզապես մտածողություններն են տարբեր. կանայք քաղաքականություն են մտնում մտավոր կարողություններով եւ խղճով, տղամարդիկ` մտավոր կարողություններով եւ կամքով: Հրանուշ Հակոբյանի տվյալներով, կանանց պակաս զգացվում է ոչ բոլոր ոլորտներում. կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում մինչեւ 70-80 տոկոսը կանայք են, դատավորների ու փաստաբանների 30-35 տոկոսն է կին: