ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրում են ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Պաշտոնական Երեւանը մանրամասնորեն ուսումնասիրում է մարդու իրավունքի վերաբերյալ
ԱՄՆ պետդեպարտամենտի
տարեկան զեկույցը, որի մեջ բավական քննադատական գնահատական է տրված նաեւ
Հայաստանում մարդու իրավունքի վիճակին: Ուսումնասիրության մասին մարտի 9-ին
լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այնտեղ
նշված են դրական տեղաշարժերը, կան նաեւ իհարկե քննադատություններ, նշվել են մեր
թերությունները, թերացումները, բայց կան նաեւ փաստացի որոշ սխալներ, որոնք մենք
անպայման կհանձնենք Պետդեպարտամենտի ուշադրությանը: Կան նաեւ սուբյեկտիվ
մոտեցումներ որոշ հարցերի նկատմամբ, ելնելով իրավիճակային այսպես գնահատականներից:
Բայց կան նաեւ իհարկե լուրջ դիտարկումներ, քննադատություններ, որոնց պետք է լուրջ
ուշադրություն դարձնել», ասում է Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով, Պետդեպի փաստաթղթին պետք է վերաբերել որպես երրորդ մի աչքի, որը մեզ
հետեւել եւ մեր մասին գնահատական է տվել դրսի հայացքով: Վարդան Օսկանյանը նշել է,
թե չի կարող դատել զեկույցի սուբյեկտիվ ու օբյեկտիվ լինելու մասին, քանի որ այն դեռ
վերջնականապես չի վերլուծվել: «Գիտեք, երբեմն ցավալի է լինում, երբ մեծ ջանքեր ես
գործում դրական տեղաշարժեր արձանագրելու, եւ ակնկալում ես, որ միջազգային
հանրությունը դա կգնահատի, եւ ընդհակառակն է լինում, եւ խիստ քննադատություն է
լինում, ելնելով սուբյեկտիվ գնահատականներից», ասում է Վարդան Օսկանյանը:
