Ժողովրդավարության ապահովմանն ու ընտրախախտումների վերահսկմանը նվիրված քննարկումներ Ռազմավարական կենտրոնում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Ժողովրդավարության ապահովումը եւ ընտրակեղծիքների վերահսկումը» թեմայով փակ, արձանագրությունից դուրս փորձագիտական համաժողով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված միջազգային հերթական դասախոսության հետ համակցաբար:

Համաժողովը բացեց եւ վարեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Վերոնշյալ թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հեմլայն համալսարանի կառավարման մագիստրատուրայի, Մինեսոտայի համալսարանի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Դեյվիդ Շուլցը, ով այժմ հրավիրված դասախոսի կարգավիճակով դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ամբիոնում: Արծարծվեցին ժողովրդավարության կառուցվածքային բաղադրիչները, մեզանում դրանց բացակայության պատճառներն ու վերարմատավորման հեռանկարները, տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի եւ հայաստանյան առաջիկա ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրության փոխկապակցվածության հարցերը, հնարավոր ընտրակեղծիքների դրսեւորումներն ու դրանց վերահսկման մեխանիզմները: