ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իշխանական ձայները ունեն 15-20 տոկոս
ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը մարտի 19-ին իշխանությանը կոչ է արել տեր կանգնել սեփական ձայնին: Ըստ Արամ Մանուկյանի, տարբեր գնահատականների համաձայն, իշխանական ուժերն ունեն 15-20 տոկոս ձայն, ներառյալ վարչական ռեսուրսը: ՀՀՇ վարչության անդամն իշխանությանն ասել է, որ լավ կլինի, եթե տեր կանգնեն այդ ձայներին, քանի որ ավելիին ձգտելու դեպքում գուցե կորցնեն եղածը: Ըստ Արամ Մանուկյանի, եթե իշխանությունը չբավարարվի 15-20 տոկոսով, ապա մայիսի 12-ին կլինի ընտրությունների երկրորդ փուլ: Պայմանականորեն այդպես է անվանում Արամ Մանուկյանը համաժողովրդական այն բողոքին, որ կարող է լինել այդ օրը:
Ընդդիմությունը չնայած չկարողացավ միավորվել, բայց ունի հասարակությանը ոտքի հանելու ներուժ, ասում է Արամ Մանուկյանը, միաժամանակ նաեւ ավելացնելով, որ գուցե դրա համար կուսակցությունների կարիքն էլ չլինի, քանի որ ժողովրդի բողոքը կլինի ինքնաբուխ: Դրա նախադրյալը, ըստ ՀՀՇ վարչության անդամի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն են, որոնք անկասկած անդրադառնալու են նաեւ Հայաստանի խորհրդարանի ընտրության վրա:
Հայաստանում կրիմինալը, որ այս տարիներին եղել է խորհրդարանում որպես կամակատար, այժմ ներկայացնում է երկիրը կառավարելու հայտ եւ դա ընդունելի չէ ոչ հասարակության եւ ոչ էլ արտաքին աշխարհի համար, համոզված է Արամ Մանուկյանը: Ըստ նրա, եթե իշխանությունը նույնիսկ հաջողի վերարտադրության իր սցենարը, ապա նորընտիր խորհրդարանը հաստատ չի շարունակի մինչեւ վերջ, մինչեւ հնգամյա ժամկետի ավարտը:
