ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը մերժեց «Այլընտրանքին»
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավորը Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մարտի 22-ին մերժեց «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության անդամներ, ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի եւ Պետրոս Մակեյանի դիմումը Երեւանի քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելու, հանրահավաքներ անելու ազատությունը սահմանափակված լինելը փաստելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը եւ Պետրոս Մակեյանը քաղաքապետին մարտի 13-ին իրազեկել էին, որ մտադիր են մարտի 23-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, իսկ քաղաքապետը, ի դեմս իր լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի, ոչ թե համաձայն օրենքի իրազեկումը ընդունել էր ի գիտություն, կամ արգելել հանրահավաքը, այլ գրավոր որոշում չէր կայացրել, իսկ բանավոր առաջարկել էր հանրահավաքը անցկացնել Երեւանի Մատենադարանի մատույցներում:
Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը տարօրինակ էր այնքանով, որ դատաքննության ժամանակ, երբ դահլիճում ներկա ՀՀ քաղաքացիները հայտարարեցին, որ սահմանափակվում է իրենց իրավունքը եւ ցանկություն հայտնեցին դառնալ հայցվոր կողմ, դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց. «գնացեք հանրահավաք արեք, ձեզ ով է խանգարում»:
Էդիկ Ավետիսյանը մերժեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի եւ Պետրոս Մակեյանի դիմումը, այլ նիստի ընթացքում նրանց եւ նրանց շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունները: Մասնավորաբար հայցվորները միջնորդում էին որպես վկա հարցաքննել քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանին եւ դատարան բերել քաղաքապետարանի գրանցամատյանները: Հայցվորները կարծում են, որ իրենց իրազեկման պատասխանը կազմվել է հետին ամսաթվով: Երբ այս միջնորդությունները մերժվեցին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «դատարան ակնհայտ անհիմն որոշում կայացրեց: Եթե Գագիկ Բաղդասարյանը որպես վկա ներկայանար դատարան մենք բոլորս կհամոզվեինք, որ իմ եւ Պետրոս Մակեյանի իրազեկման քննարկման արդյունքում Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը որոշում չի կայացրել եւ այդ մասին հայտարարել է պաշտոնապես: Հակառակ դեպքում Գագիկ Բաղդասարյանը ստիպված կլիներ դատարանում ակնհայտ սուտ ցուցմունքներ տալ, ինչը իր հերթին կհարուցեր շատ կոնկրետ իրավական հետեւանքներ: Այսպիսով արձանագրում եմ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մասնակցեց պաշտոնական կեղծիքի կոծկմանը, ինչի իրավական հետեւանքների քննարկումը հետագայի հարց է»: Իրազեկման վերաբերյալ որոշումը հետին ամսաթով կազմած լինելու կամ փոստային անդորագիրը կեղծելու մասին հայցվորի հայտարարությունը դատավորը թողեց դատախազության քննարկմանը:
«Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության անդամները չեն հրաժարվել իրենց մտադրությունից եւ մարտի 23-ին ժամը 17:00-ին հանրահավաք են հրավիրելու Ազատության հրապարակում:
