ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համամասնականների առաջին տասնյակը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Համլետ Աբրահամյանը մարտի 27-ին հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությանը համամասնական ցուցակով մասնակցելու համար գրանցման պաշտոնական փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրել է առայժմ միայն 10 կուսակցություն, համամասնական ցուցակ ներկայացրած 27-ից: Այդ տվյալը արձանագրվել է մարտի 27-ի ժամը 15-ի դրությամբ: Փաստաթղթերը այդ պահի դրությամբ ԿԸՀ-էին ներկայացրել ՀՀԿ-ն, ՀԺԿ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, Մարքսիստական կուսակցությունը, Ազգային Միաբանությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը, Նոր Ժամանակներ կուսակցությունը եւ ԺՈՒԿ-ը:
Կուսակցությունների պաշտոնական փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետը մարտի 28-ի աշխատանքային օրվա ավարտն է` ժամը 18-ը: Դրանից հետո, նույն օրը ԿԸՀ-ն նիստ է գումարելու եւ ներկայացնելու է վերջնական պատկերը: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մերժեն ինչ որ կուսակցության գրանցումը, ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին միանձնյա պատասխանել, քանի որ դա կորոշի հանձնաժողովը, երբ ուսումնասիրի կուսակցությունների ներկայացրած փաստաթղերը: Գարեգին Ազարյանը միայն ասել է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ԱԺ ներկայիս ընտրության կուսակցությունների գրանցման ընթացակարգը բավական լիբերալ է:
