ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահափորձ Գյումրիի քաղաքապետի դեմ
Ապրիլի 2-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին, Աշտարակ քաղաքի մոտ մահափորձ է կատարվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ: Առանց համարանիշերի ջիպ մեքենան փակել է ճանապարհը, եւ մեքենայում գտնվողները կրակ են բացել: Ղուկասյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նրան ուղեկցող երեք անձ, այդ թվում եւ վարորդը, մահացել են: Մի քանի ուղեկից վիրավոր են եւ նույնպես ծանր վիճակում տեղափոխվել են Երեւանի Նոր Նորքի Շտապ Օգնության հիվանդանոց: Վիրավորների թվում են Գյունրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտեմ Մազմանյանը: Գիշերը Վարդան Ղուկասյանին եւ մյուս վիրավորներին վիրահատել են: Քաղաքապետի կյանքին վտանգ չի սպառնում: Գիշերը հիվանդանոցում են եղել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, նախագահի թիկնազորի ղեկավար Գրիգորի Սարկիսյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը:
Վարդան Ղուկասյանը Երեւանից վերադառնում էր Գյումրի: Նա մայրաքաղաք էր ժամանել ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու համար, որը հավաքվել էր վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար: ՀՀԿ խորհրդի նիստը վարչապետի թեկնածու էր առաջադրել Սերժ Սարգսյանին: Նախօրեին այդ մասին որոշում էր կայացրել ՀՀԿ գործկոմը, խորհուրդն էլ այն թողել էր անփոփոխ:
