ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոսքի անբավարար ազատություն
2006 թվականին Հայաստանի խոսքի ազատությունը եղել է անբավարար, եւ հաշվի առնելով, որ տեղի են ունեցել լրագրողների հանդեպ բավականաչափ ոտնձգություններ, ապա Հայաստանի խոսքի ազատությունը կարելի է համարել վտանգված: Այդ կարծիքին է Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը, ով ապրիլի 4-ին Մամուլի Ազգային ակումբում պատասխանել է լրագրողների հարցերին:
Նրա խոսքով, լրագրության ոլորտի վերաբերյալ իրավական դաշտը համապատասխանում է միջազգային չափանիշին, սակայն 2006 թվականին իրավակիրառական առումով խոսքի ազատությունը գնահատվում է որպես վտանգված: «2006 թվականին Հայաստանի խոսքի ազատության իրավիճակը գնահատվում է որպես անբավարար, քանի որ երկրում արձանագրվել են մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների հանդեպ ոտնձգության բավականաչափ դեպքեր», ասել է Արմեն Հարությունյանը: Նա ասել է, որ օմբուդսմենի փորձը վկայում է, որ Հայաստանում խոսքի ազատության իրավունքը ոտնահարվում է շատ դեպքերում ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով: Մարդու իրավունքի պաշտպանը դատապարտել է լրագրողների հանդեպ կատարվող ոտնձգությունները եւ իրավապահներին կոչ է արել լինել առավել հետեւողական մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հարցում:
