Հարձակումներ են տեղի ունեցել պատգամավորության թեկնածուների ավտոմեքենայի եւ նախընտրական շտաբի վրա

Շաբաթ լույս կիրակի օրվա գիշերը հարձակումներ են տեղի ունեցել թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի ավտոմեքենայի եւ Սուսաննա Հարությունյանի նախընտրական շտաբի վրա:

Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ կեսգիշերից քիչ անց ընկերոջ հետ գնացել էր Զվարթնոցի մի օբյեկտ, եւ երբ իջել են մեքենայից ու պահակին զգուշացրել, որ շուտով գալու է իրենց մյուս ընկերը, 3-4 րոպե անց ավտոմատի կրակահերթ են լսել. - «Պատի մյուս կողմը ազատամարտիկների գերեզմաններ կան, եւ մի պահ ես մտածեցի, որ երեւի պատի այն կողմից է. մարդիկ են, երեւի խմել են, եկել են կրակում են` իրենց հարգանքի տուրքն են մատուցում: Բայց երբ զգացինք, որ ինչ-որ բանի են դիպչում [փամփուշտները], միանգամից ներս վազեցինք, այդ ներս վազելու ժամանակ կրակոցներն արդեն դադարեցին: Մի 10 րոպե մենք դուրս չեկանք այդտեղից: Հետո դուրս եկանք ու տեսանք, որ մեր կանգնած տեղի ուղղությամբ էին կրակել եւ մեքենայի վրա: Այնտեղ օբյեկտ կա` այդ օբյեկտի վրա էին հիմնականում փամփուշտները գնացել»:

Նրա խոսքերով, մեքենային դիպել է 20-30 փամփուշտ:

Հակոբ Հակոբյանը դժվարացավ միանշանակ ասել` արդյոք կապվա՞ծ է այդ հարձակումը առաջիկա ընտրությունների հետ. - «Պարզապես համընկնում է ընտրությունների օրերի հետ, եւ ավելի շատ կարելի է կասկածել այդ ուղղությամբ: Բայց կոնկրետ որ ասեմ` ինձ ահազանգ է եկել, կամ մեկն ասել է` «Թեկնածությունդ հանիր, պայքարից դուրս արի, հակառակ դեպքում` կկրակենք», նման խոսակցություն չի եղել: Պարզապես մենք էլ ենք մտածում, որ սա կարող է կապված լինել զուտ ընտրությունների հետ»:

Պատգամավորության թեկնածուն վստահեցրեց, որ միջադեպը իր քարոզարշավի ընթացքի մեջ փոփոխություն չի մտցնի:

Միաժամանակ, նա հայտնեց, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` մեծ դժվարությամբ կայացրած որոշումը իր թեկնածությունը գրանցելու մասին վիճարկվել է դատարանում. - «Հիմա մենք մեր քարոզչությունը թողնելով` պետք է գնանք դատարաններ ու պարզաբանենք, թե իրականում ինչ ենք ուզում: Իրականում ուզում ենք գնալ արդար ընտրությունների, գնալ եւ պայքարել, եւ ժողովուրդը ում ձայն կտա` թող նա էլ գնա եւ աշխատի Ազգային ժողովի պատգամավոր»:

Սուսաննա Հարությունյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ լույս կիրակի օրվա գիշերը ժամը 4:00-ին մոտ այրվել են իր նախընտրական շտաբի այն 4 սենյակները, որտեղ ենթաշտաբների համար հատկացված ամբողջ կահույքն է եղել. - «Գիշերվա ժամը 4:00-ին, փաստորեն, ոստիկանությունում էլ է եղել հայտարարություն, իմացել են, բայց ինձ չեն զգուշացրել, ես առավոտյան ժամը 9:30-ին եմ իմացել»:

«Բանականությանս մեջ ուղղակի չի տեղավորվում, որ իրեն տղամարդ կոչող մարդը, որը իմ մրցակիցն է, կարող է իրեն այս տեսակ այլանդակություններ թույլ տալ», - հայտարարեց Սուսաննա Հարությունյանը:

Այն հարցին, թե հատկապես ո՞ր մրցակցին ի նկատի ունի, պատգամավորության թեկնածուն պատասխանեց. - «Մի մրցակիցը ձեւական է, նրա մասին չեմ խոսում, մյուս մրցակցի վրա էլ մահափորձ է եղել նույն գիշերը: Խոսքը գեներալի մասին է»:

«Սրանից առաջ, ինչպես գիտեք, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չէր հաստատում, հազիվ հաստատեցին մեր թեկնածությունները, հիմա էլ դատարան են դիմել` երկուշաբթի օրը նաեւ դատի ենք, կիրակի էլ հրկիզեցին: Այսինքն, ամեն օր մի բանի առաջ ենք կանգնում», - ընդգծեց Սուսաննա Հարությունյանը:

Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում գրանցված են չորս թեկնածուներ` ներկայիս Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անկուսակցական, Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Սեդրակ Սարոյանը, անկուսակցական Սուսաննա Հարությունյանը եւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Արաբկիրի համայնքապետի օգնական, քաղաքացիական նախաձեռնության առաջադրված Հակոբ Հակոբյանը: Սեդրակ Սարոյանին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, մյուս երեք թեկնածուներն առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա