ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժողովուրդն ամբողջովին գնված ու կաշառված չէ
2007 թվականի ընտրության խաղադրույքը բավական մեծ է, քանի որ խորհրդարանն այսուհետ ձեւավորելու է գործադիր իշխանություն, ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, դա այն հիմնական առանձնահատկությունն է, որով աչքի է ընկնում 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, եւ որից բխում է նաեւ ընտրական գործընթացի մասնակիցների վարքագիծը: Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ներկայիս քաղաքական իրավիճակը ձեւավորվել է 1997-98 թվականներին, մինչդեռ այժմ բոլորովին նոր իրողություններ են, մարդիկ փոխվել են, փոխվել են կենսագործունեության պայմանները, հասարակության պահանջները, եւ նոր խորհրդարանն ու դրանից հետո ընտրվելիք նոր նախագահը պետք է էական փոփոխություն կատարեն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Ի վերջո հասարակությունը հասունացել է, կարծում է սոցիոլոգը:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի, այնպես չէ, թե ժողովուրդը ամբողջությամբ գնված ու կաշառված է: Նրա խոսքով, Հայաստանում կան սկզբունքային մարդիկ, որոնք գնալով շատանում են, իսկ այժմ կազմում մոտ 30 տոկոս: Մնացած 70 տոկոսից 40-ը չի գնա ընտրության, եւ կստացվի, որ ընտրության մասնակից մարդկանց երեք քառորդը ազնիվ ու անկաշառներն են:
