Հայաստանում էր ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակությունը

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը, ապրիլի 8-11-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակությունը: 11 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում էին Ազգային պաշտպանության համալսարանում սովորող կամ աշխատող ԱՄՆ ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ: Հայաստանում պատվիակությունը հանդիպումներ ունեցավ մի շարք պետական պաշտոնյաների, որոնց թվում` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարարի խորհրդական և ազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն գեներալ-մայոր Քոթանջյանի և պաշտպանության նախարարության արտաքին կապերի և ռազմական համագործակցության բաժնի պետ գեներալ-մայոր Մելքոնյանի հետ: Պատվիրակությունը նաև հանդիպումներ ունեցավ մի շարք գիտնականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անվտանգության ռազմավարության և արտաքին գործերի ուսումնասիրության, այդ թեմաներով բանավեճերի ու քննարկումների համար նախատեսված 10-ն ամիսների ընթացքում խումբը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան:

ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանը պատրաստում է ռազմական և քաղաքացիական ղեկավար կադրեր ԱՄՆ-ից և այլ երկրներից, որոնք կարող են ընդունել ազգային և միջազգային անվտանգության մարտահրավերները: Այստեղ ԱՄՆ կառավարական գերատեսչություններից ընտրված սպաներին և քաղաքացիական ծառայողներին նախապատրաստում են հրամանատարական, կառավարման և շտաբային պարտականությունների իրականացմանը: Ազգային պաշտպանության համալսարանը գործում է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի տնօրինության ներքո: