«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Երեւան, 12 ապրիլի 2007թ.

Այս գիշեր եւ վաղ առավոտյան պայթեցվել են Երեւան քաղաքի Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու տարածքային գրասենյակները: Վնասվել է կուսակցության գույքը, գրասենյակներն ամբողջովին ավերվել են: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Մենք խստորեն դատապարտում ենք կուսակցության դեմ իրագործված այդ անմարդկային արարքը, որը կարող էր հանգեցնել բազմաթիվ մարդկային զոհերի: Մեր գնահատմամբ, այդ ոճրագործությունն ուղղված է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ ամբողջ երկրի դեմ: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին սա մի փորձ է ապակայունացնել իրավիճակը, տեղափոխել քաղաքական պայքարը այլ հարթություն:

Մենք դիմում ենք երկրի իրավապահ մարմիններին, պահանջելով անել հնարավորը` հանցագործներին հայտնաբերելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ծայրահեղական մոտեցումները քաղաքական դաշտում: Մենք այսօր էլ բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում ծավալել բացառապես քաղաքակիրթ պայքար, այնպես, ինչպես հարիր է ժողովրդավարական երկրի քաղաքական ուժերին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր ընտրած ճանապարհից շեղելու, շարքերում վախ սերմանելու բոլոր, այդ թվում` նման ծայրահեղական փորձերը դատապարտված են ձախողման: Մեր շարքերը կուռ են, եւ մենք լի ենք վճռականությամբ` շարունակել մեր քաղաքական պայքարը` հանուն մեր երկրի բարօրության եւ բարգավաճման:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդ