ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ կառավարությունը աջակցություն է տրամադրում ՀՀ ոստիկանությանն ու ՕՎԻՐ-ին` IFES-Հայաստանի միջոցով
Ապրիլի 13-ին ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Ֆ. Գոդֆրին անդրադարձավ ԱՄՆ կառավարության աջակցությանը, որը ցուցաբերվում է ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությանը ու ՀՀ կառավարությանը Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) գրասենյակի միջոցով` արդիականացնելու ու կատարելագործելու Հայաստանի ընտրողների գրանցման համակարգը, ինչպես նաև բարելավելու ընտրական վարչարարությունն ու ընտրողների տեղեկացվածությունը խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախաշեմին:
Այս աջակցության մի մասի շրջանակում օգնություն է ցուցաբերվում Անձնագրային ու վիզաների վարչությանը. տրամադրվում է 45 համակարգիչ տարածքային ու գլխամասային գրասենյակներում ընտրողների ռեգիստրի թարմացման ու վարման աշխատանքները միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու համար, օգնություն է ցուցաբերվում վերլուծելու ու վերհանելու կատարելագործման կարիք ունեցող ոլորտները գոյություն ունեցող այլ տվյալների շտեմարանների համադրման միջոցով: ԱՄՆ աջակցությունը նաև կօգնի ՀՀ Կառավարությանը վերանայելու ընտրողների գրանցման իրավական հիմքերը ու բարեփոխելու ընտրողների գրանցման ընթացակարգային համակարգը: ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված նոր սարքավորումների շնորհիվ ներկայումս ՀՀ քաղաքացիները կարող են ավելի հեշտ ու արագ ստուգել ընտրացուցակում իրենց տվյալների ճշգրտությունն ու թարմացնել կամ ճշտել իրենց մասին տեղեկությունները:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը: Իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Ֆ. Գոդֆրին ասաց. «Որպեսզի ընտրությունները լինեն ազատ ու արդարացի պետք է յուրաքանչյուր ընտրողի քվեատուփի մոտ իր կարծիքը հայտնելու իրավունք տրվի: Այս նախագիծը նշանակալի քայլ էր ապահովելու, որ ընտրական իրավունք ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիները պատշաճ կերպով գրանցվեն, որպեսզի կարողանան օգնել իրենց երկրի առաջնորդների ընտրության հարցում»:
