ՌԱՀՀԿ դիտարկել է նորությունների ու վերլուծական ծրագրերը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն ապրիլի 13-ին հրապարակել է նախընտրական շրջանում էլեկտրոնային լրատվամիջոցների որակական ու քանակական դիտարկման երկրորդ, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման առաջին զեկույցները, որոնք ՌԱՀՀԿ-ն այս անգամ պատրաստել էր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) հետ համագործակցաբար: ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ դիտարկումն ընդգրկում է փետրվարի 12-ից մինչեւ մարտի 12-ն ընկած ժամանակաշրջանը, որի ընթացքում ուսումնասիրվել են «Հ1», «Հ2», «Արմենիա», «ԱԼՄ», «Ար», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները: Նշվածներից զատ քանակական ու որակական վերլուծության են ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերությունից «Ուրվագիծ», «Հատուկ կարծիք», «Վերելք» եւ «Հարթակ», «Շանթ» հեռուստաընկերությունից` «Հեռանկար», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից` «Երկրի թեման» եւ «Երկրագունդ», «TV5» հեռուստատեսությունից` «Express» եւ «Շաբաթ» վերլուծական հաղորդաշարերն ու թոք-շուները:

ՌԱՀՀԿ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանի ներկայացմամբ` դիտարկման ենթարկված բոլոր լրատվական ծրագրերի լուրերի մեջ ընտրություններին վերաբերող տեղեկատվության տեսակարար կշռի առումով առաջատարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն է` 4309 վրկ. ցուցանիշով: Նվազման կարգով նրան հաջորդում են «Կենտրոն», «Արմենիա», «Ար», «ԱԼՄ», «Հ2», «Շանթ», «Հ1» հեռուստաընկերությունները: Գրեթե անխտիր բոլոր հեռուստաընկերություններով առավելագույն լուսաբանման է ենթարկվել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործունեությունը: Փոքրիկ բացառություն է կազմել Հայ յեղափոխական դաշակցությանը (ՀՅԴ) սպասարկող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, որտեղ առաջատարը ՀՅԴ-ն է, իսկ նրան հաջորդում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ապա ՀՀԿ-ը: «Հ1» հեռուստաընկերությամբ երկրորդ տեղում «Արդարություն» դաշինքն է, որին հաջորդում են ՀԺԿ-ը եւ ՀՅԴ-ը: «Հ2»-ում երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում ՀԺԿ-ը ու Ազգային ժողովրդավարների դաշինքն են (ԱԺԴ): Նույն պատկերն է արձանագրվել «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերություններում: «Կենտրոն» եւ «Ար» հեռուստաընկերություններում երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրել են ՀԺԿ-ը եւ ՀՅԴ-ը: «ԱԼՄ» հեռուստաընկերությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ), իսկ երրորդը` ՀԺԿ-ը: Արժանահիշատակ է, որ ՀՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների գործունեության լուսաբանմանը հատկացված ժամանահատվածների միջեւ տարբերությունը հսկայական է: Ասել է թե` բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներով գնացել է իշխող սուպեր-կուսակցության գովազդը:

ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է վերլուծական հաղորդումների ու թոք-շոուների կոնտենտ-անալիզի արդյունքները, որոնց համաձայն ընտրությունների թեմայով հաղորդաշարերի հեռարձակման առաջատարը «Կենտրոն» հեռուստաընկերությունն է: Նրան հաջորդում են «Երկիր Մեդիա», «TV5», «Շանթ» հեռուստաընկերությունները: Իսկ դիտարկման ժամանակաշրջանում կարծրատիպերի վերածվելու ունակ գերակշռող բնութագրումներն են եղել. ա) ընդդիմությունը միասնական չէ, բ) իշխանությունները շատ ավելի լավն են, քան ընդդիմությունը, գ) ընդդիմության թե՛ մարտավարությունը, թե՛ ռազմավարությունը սխալ են, դ) ընդդիմությունը ոչինչի չի կարող հասնել եւ այլն:
Դիտարկումը եւս մեկ անգամ փաստել է այս կամ այն էլեկտրոնային լրատվամիջոցի` կոնկրետ քաղաքական կուսակցությանը կամ իշխանական ուժի սպասարկելու իրողությունը:

Մարդու իրավունքների հարցերով լրագրող եւ փաստահավաք Ժաննա Ալեքսանյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման առաջին զեկույցը, որտեղ հանրագումարվել են հունվարի սկզբից մինչեւ մարտի 12-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում քաղաքական կուսակցությունների` ընտրական օրենսգրքի խախտումներով ծավալած գործունեությունը, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար լիազորված պետական մարմինների չարաշահումները, ընտրությունների ընթացքը մթագնող հանցավոր դրսեւորումները: Դրանք սկսվում են Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունների` օրենքի խախտումներով իրականացված քարոզչությունից, քաղաքական բարեգործություններից մինչեւ ապօրինի կերպով ընտրողների անձնագրային տվյալներ հավաքելը, ահաբեկումն ու քրեական հաշվեհարդարները: