ՄԱԿ ծրագիր Սյունիքում

Ապրիլի 12-14-ը ՄԱԿ Զարգացման Ծրագրի «Տեղական մակարդակում ըստ աշխատանքների կատարման բյուջետավորում» ծրագրի խմբի եւ Իզմիրլյան հիմնադրամի ներկայացուցիչներ այցելեցին Սյունիքի մարզ՝ Մեղրի: Խումբը ղեկավարում էին ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը եւ Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Արա Համազասպյանը, հայտնում են ՄԱԿ Երեւանի գրասենյակից:

Մեղրիում մի քանի հանդիպումներ տեղի ունեցան` մասնավորապես քաղաքապետի, քաղաքապետարանի անձնակազմի եւ հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ: Իր հակիրճ ելույթում ՄԱԶԾ ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին այս ծրագրի իրականացման փուլում ՄԱԶԾ-ի հետ ջանքեր ներդնելու համար եւ ասաց` «Մեզ համար խիստ կարեւոր է քաղաքի առաջնահերթությունները ընտրելիս ներգրավել նաեւ տեղական համայնքը, եւ քանի որ աղբահանության ծրագիրն ընտրվել է որպես առաջնահերթություն, մենք ուրախ ենք, որ համաֆինանսավորել ենք այսպիսի մի ծրագիր Մեղրիում»: