Հայաստանի «պատկերի բարելավում»

Ապրիլի 17-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ խոսել է Հայաստանի առաջնայնությունների ու քաղաքականության մասին: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ մասնավորապես նախընտրական իրավիճակի մասին, Օսկանյանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել: «Մեզանից շատերը` թե կառավարության ներսում, եւ թե նրանից դուրս, հիմնավորապես հանձնառու են մեր պատկերն այդ հարցում (ընտրություններում-խմբ) բարելավելուն, ձգտելու հասնել միջազգային նորմերին համապատասխան ընտրությունների անցկացման: Թեեւ անցյալի սխալներն անհերքելի են, սակայն մեզ չպետք է ի սկզբանե մեղավոր համարել ապագայի համար: Մենք փոխել ենք մեր ընտրական օրենքը, մենք շարժվում ենք ուժեղ նախագահական համակարգից դեպի մի այնպիսի համակարգ, ուր խորհրդարանի դերն ընդլայնվել է: Սա լուրջ փոփոխություն է, մեր կառավարությունում նոր վերահսկողական մեխանիզմներ կան. այն մեծացնում է խորհրդարանի դերը, իսկ վերջինիս միջոցով` քաղաքական կուսակցությունների դերը: Այս իսկ պատճառով, այս ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն կպայքարի քվեների համար, կպաշտպանի իր ստացած ձայները եւ կհետեւի մյուսներին` իշխանության նրանց բաժինը երաշխավորելու համար», ասել է նախարարը:

Խոսելով երկրում ժողովրդավարության իրավիճակի մասին, Օսկանյանը ասել է. «ԵԱՀԿ-ի օժանդակությունը Հայաստանի քաղաքական կառույցների ժողովրդայնացմանն ու արդիականացմանն անշուշտ չի սահմանափակվում ԺՀՄԻԳ-ի կամ Մամուլի ազտության ներկայացուցչի գրասենյակի օրակարգով: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը ավելի քան վեց տարի օգտակար ներկայություն է ապահովել եւ գործընկեր եղել: Այն որոշ ծրագրեր է իրագործել, ձեռնամուխ եղել մի շարք այլ ծրագրերի իրականացմանը եւ շարունակել ներգրավված լինել բարեփոխումների ուղղությամբ տարվող գործունեության մեջ»: