ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի համար շահեկան է ունենալ կանխատեսելի հարեւան
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 27-ին հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչումը չի նշանակում, որ Թուրքիան պարտավոր է հետ վերադարձնել պատմական Հայաստանի տարածքները: «Իրականում եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դա այսպես, իրավունքի ուժով, կամ ընդունման տրամաբանությունից այսպես չի նշանակելու, որ ինքը պարտավոր է անմիջապես վերադարձնել այդ հողերը: Այդպիսի իրավական ուղղակի հետեւանքներ չեն առաջանալու: Սա է իրականությունը: Այլ հարց է, որ հայերը կարող են խոսել ընդհանրապես կոնպենսացիաների մասին, որ եթե այդպիսի դեպք եղել է, տուժածներ կան, կա մեկուկես միլիոն զոհ, տեղահանվածներ եւ այլն, ապա պատրա՞ստ է Թուրքիան քննարկել կոմպենսացիայի հետ կապված ինչ որ հարցեր: Ինչ կարգի կոմպենսացիա` դա կարող է լինել բանակցությունների առարկա: Թեկուզ դժվար է այսօր, նույնիսկ այս պարագայում մտածել, որ Թուրքիան կարող է նման որեւէ նման քայլի գնալ: Բայց ուղղակի իրավական հետեւանք դժվար թե այստեղ առաջանա», ասում է Ռոբերտ Քոչարյանը:
Նա ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը, որի ընթացքում էլ անդրադարձել է այդ խնդրին, վերհաստատել է նաեւ Հայաստանի դիրքորոշումը կապված Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հետ: Նախագահը հայտարարել է, որ Հայաստանի համար շահեկան է ունենալ կանխատեսելի հարեւան: Նա հայտարարել է, թե Հայաստանը պարզապես դեմ է արտահայտվում Թուրքիայի արտոնյալ անդամակցությանը, երբ այդ երկիրը կանդամակցի պահանջների ոչ ամբողջական փաթեթը բավարարելով: «Այսինքն հատուկ ռեժիմ անդամակցության, մենք համարում ենք, որ չպետք է լինի: Այստեղ ենք մենք ընդդիմախոսում, բայց ընդհանրապես կողմ ենք Թուրքիայի անդամակցությանը», ասում է Ռոբերտ Քոչարյանը:
