Միանալուն խանգարում է ընտրական օրենսգիրքը

«Այս քաղաքական պրոցեսի ընթացքում բացահայտվեց նաեւ մեր իշխանության կողմից գովերգվող ընտրական օրենսգրքի հաջորդ կարեւորագույն թերությունները», մայիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Իմպիչմենտ դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ օրերս միասնական գործողություններ ձեռնարկած Հանրապետություն, Նոր Ժամանակներ կուսակցություններն ու Իմպիչմենտ դաշինքը պատրաստ են ընտրությանը մասնակցել համատեղ դաշինք կազմած, բայց ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս ընտրարշավի ընթացքում անել դա:

«Այն քաղաքական պրոցեսը, որ դուք այսօր տեսնում եք, դա ըստ էության հասարակական պահանջարկի եւ բնական զարգացումների հետեւանք է: Եվ ես ընտրական օրենսգրքի մասին խոսելով նկատի ունեմ, որ քաղաքական իմաստով այսօր հասունացել էր նոր նախընտրական դաշինք ձեւավորելու հարցը, բայց ցավոք սրտի ընտրական օրենսգիրքը նաեւ հենց այս իրավիճակները իշխանության օգտին ծառայեցնելու մղումով հնարավորություն չի տալիս նախընտրական դաշինք ձեւավորելու», ասում է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է նաեւ, որ երեք կուսակցություններից մեկի օգտին ձայն տալու կոչ էլ չեն անելու, որովհետեւ այդ դեպքում վտանգ կա, որ տվյալ կուսակցության ընտրողները կարող են եւ չգնալ ընտրության, քանի որ երեք քաղաքական ուժն էլ ունեն իրենց ընտրազանգվածը, որ տարբերվում է իր յուրահատկությամբ: