ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շահեն Պետրոսյանի հետ կատարված դեպքի առնչությամբ
Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների` մայիսի 3-ի երեկոյան, Երեւանի ակումբներից մեկից առեւանգվել եւ ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը եւ ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հադիպեց Շահեն Պետրոսյանին, հայտնում են օմբուդսմենի գրասենյակից:
Ըստ Շահեն Պետրոսյանի` լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Շահեն Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանությունը 05.05.07-ին. ընդունել է իր հայտարարությունը կատարվածի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Շահեն Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ այն մասին, որ ճանաչել է իրեն խոշտանգող անձանցից մեկին եւ պատրաստվում է նրա նկարը ներկայացնել ոստիկանություն:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտում է նման փաստերը եւ կոչ է անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու համար:
Այսօրինակ դեպքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են եւ իրավապահ մարմինների կողմից հետեւողականություն չցուցաբերելը կարող է վախի մթնոլորտ ձեւավորել հասարակության մեջ:
