Կձեւավորվի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե

Ինչպես հայտնի է ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման մասնակից Ալեքսանդր Արզումանյանը մայիսի 7-ին կալանավորվել է ռուսական փողերով Հայաստանում վիճակը ապակայուցանելու փորձի համար: Մայիսի 8-ին մի շարք կուսակցությունների` Նոր ժամանակներ, ԱԺՄ, Հայրենիք ու պատիվ, Հայոց հայրենիք, Ժառանգություն, ԱԻՄ, Ազգային միաբանություն, ՀԺԿ կուսակցությունների եւ Իմպիչմենտ դաշինքի ներկայացուցիչները քննարկում էին տեղի ունեցածը եւ հետագա անելիքները:

Իրականությունը, ըստ «Քաղաքացիական անհնազանդության» ներկայացուցիչների: Արտյոմ Խաչատրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահան Շիրխանյանը ապրիլի կեսերին եղել են Մոսկվայում եւ հանդիպել ռուսական տարբեր անձնանց եւ «Կուլտուրա» հեռուստաընկերության հետ միասին կլոր սեղաններ կազմակերպելու համաձայնություն ձեռք բերել: Դրանից հետո Մոսկվայից Հայաստան 9 տարբեր մարդկանց անունով փոխանցվել է մոտ 160 000 դոլար գումար: Սկզբում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, թե փողերի լվացման փորձ է արվում, հետո` թե փողերը ուղարկվել են ՀՀ-ում վիճակը ապակայունացնելու համար:

Քննարկման ժամանակ Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր` ԱԺ ընտրությունից առաջ պարզվում է, որ մի քաղաքական ուժ որոշել է հեղափոխություն անել, ընդ որում` ռուսական փողերով եւ արեւմուտքի թելադրանքով: «Ստացվում է, որ ՌԴ-ն եւ Արեւմուտքը Հայաստանում իրար հետ հարցեր լուծել են փորձում: Այդ դեպքում հասկանալի չէ Սերժ Սարգսյանի կեցվածքը, Իվանովի այցը, Բուշի շնորհավորանքը»: Արամ Կարապետյանի կարծիքով վիճակը մարազմ է եւ աբսուրդ:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, երկրի ԱԳ նախարարի պաշտոնը առանցքային պաշտոն է եւ այդ պաշտոնը զբաղեցրած մարդուն ձերբակալելը սկանդալ է ու պիտի հստակ փաստարկներ լինեն. «ես այդ փաստարկները չեմ տեսնում»: Վազգեն Մանուկյանը համոզված է, որ Ալեքսանդր Արզումանյանը վտանգ էր ներկայացնում, քանի որ չէր խաղում իշխանությունների առաջարկած ձեւով. «իսկ նրանք ասում են մենք շուլեր ենք, եկեք զինաթափված մեր հետ խաղացեք»: Այս ամենը պետք է կանխել, համոզված է Վազգեն Մանուկյանը. «սա բոլորիս անձնական շահն է»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կարծում է, որ նման երեւույթներ կլինեն, քանի դեռ Հայաստանում իշխանությունը չի փոխանցվում ընտրությունների միջոցով: Այսկերպ իշխանությունները պատրաստվում են ոչ թե ընտրություններին, այլ հետընտրական գործընթացներին, հայտարարեց «Քաղաքացիական անհնազանդության» ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը:

Մեկ-երկու օր հետո քաղաքականն ուժերը համատեղ հայտարարությամբ կդատապարտեն կատարվածը, կստեղծեն քաղաքական բանտարկյալների պաշտանապության կոմիտե: Չի բացառվում, մայիսի 11-ին` քվեարկության նախորդ օրը կազմակերպվի համատեղ հանրահավաք` ի պաշտպանություն քաղաբանտարկյալների: