ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իմպիչմենտ դաշինքի հաղորդագրությունը
Մայիսի 9-ին, ժամը 19.00-ին Մատենադարանի մոտ ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն»,
«Նոր ժամանակներ» կուսակցությունների կազմակերպած հանրահավաքից հետո տեղի ունեցավ
նախապես հայտարարված երթուղով խաղաղ ցույց, որն անցնելու էր Մաշտոցի պողոտայով,
Սայաթ-Նովա եւ Նալբանդյան փողոցներով: Նալբանդյան փողոցում Ազգային անվտանգության
ծառայության շենքի առջեւ ոստիկանության աշխատակիցները եւ անվտանգության ծառայության
հատուկ նշանակության ջոկատները կոպտորեն խոչընդոտեցին երթի ընթացքը` հարձակվելով
խաղաղ ցույցի մասնակիցների վրա: Երթի առջեւի շարքերում ընթացող ընդդիմության
առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի, Պետրոս Մակեյանի, Դավիթ Մաթեւոսյանի եւ ցույցի այլ
մասնակիցների նկատմամբ ցուցադրվեց բռնի ուժ` օգտագործելով նաեւ արցունքաբեր գազ: «Նոր
ժամանակներ» կուսակցության անդամ Ռաֆայել Խոստիկյանի, «Իմպիչմենտ» դաշինքի
ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի եւ այլ մասնակիցների
հասցրել են մարմնական վնասվածքներ:
Անցանկալի ընդհարումից խուսափելու համար երթի կազմակերպիչները վրդովված ժողովրդին
կոչ արեցին հեռանալ Անվտանգության ծառայության շենքից եւ հավաքվել Ազատության
հրապարակում:
« Իմպիչմենտ» դաշինքի անունից`
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
