ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյումրու Ուսանողական խորհուրդը զրկվեց դիտորդական առաքելության իրավունքից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 15-ի իր նիստում Դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկեց Գյումրու ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանին նիստի մասին տեղեկացրել են հեռախոսով միայն ժամը 12:30-ին: ԳՈՒԽ նախագահը ԿԸՀ է հասել 15::07-ին, երբ նիստն արդեն փակված էր: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը մերժվել է:
ԿԸՀ-ն այս որոշումը հիմնավորում է Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով, եւ պնդում թե, պարտավոր էր դիտորդական առաքելությունից զրկել ամբողջ կազմակերպությանը: ԿԸՀ-ն այդպես էլ բացատրություն չի կարող տալ, թե ինչպես էին որպես դիտորդներ գրանցված զանազան մարզական միավորումների անդամները սատարում այս կամ այն կուսակցությանն ու մնում դիտորդ: ԿՀԸ-ն որոշումը տրամադրել է ԳՈՒԽ-ներկայացուցիչներին մեկուկես ժամ այց: Առաջնորդվելով Իրավական նախաձեռնության թեժ գծի իրավաբանական խորհրդատվությամբ, ԳՈՒԽ-ը փորձեց դիմել Վերաքննիչ դատարան, բայց այստեղ պարզվեց, որ հարկավոր է դիմել Առաջին ատյանի դատարան: Բանն այն է, որ ընտրական օրենսգիրքը նման պարագաներում որպես վեճերի լուծման ատյան հիշատակում է Վերաքննիչ դատարանը, իսկ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է Առաջին ատյանի դատարան: Հաշվի առնելով, այն հանգամանը, որ Առաջին ատյանի դատարանը իր աշխատանքն ավարտել էր ժամը 18-ին, եւ վաղն արդեն այստեղ դիմելը գրեթե ոչինչ չի կարողանա փոխել, ԳՈՒԽ նախագահը որոշեց չբողոքարկել ԿԸՀ որոշումը:
Հիշեցնենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ Գյումրու ուսանողական խորհուրդ ՀԿ-ները համատեղ 10 օր առաջ հիմնադրել են ընտրությունների եւ քվեարկության ընթացքի գործընթացների Արագ արձագանքման շտաբ: ԿԸՀ-ն իր այս որոշմամբ զգալի հարված հասցրեց Արագ արձագանքման շտաբի աշխատանքին: Գրանցված 77 դիտորդներից մեկի ելույթի պատճառով, ԿԸՀ-ն ըստ էության ամբողջ թիմին զրկեց ընտրությունները դիտարկելու հնարավորությունից: Արագ արձագանքման շտաբը, ելնելով ստեղծված իրավիճակից, ձեռնամուխ կլինի մի քանի կուսակցությունների հետ սերտ համագործակցությանը` տեղեկատվության փոխանակման ակնկալիքով, քվեարկության ընթացքի դիտարկման հնարավոր արդյունավետ մեթոդների մշակմանն ու կիրառմանը, իսկ զանգվածային կեղծիքների փաստերի արձանագրման պարագայում` նաեւ բողոքի զանգվածային եւ անզեն միջոցառումների: Արագ արձագանքման շտաբն իր տարակուսանքն է հայտնում ԿԸՀ օրենքի հատվածային եւ կամայական կիրառման կապակցությամբ. չնայած ընտրակաշառքների մասին հարյուրավոր օրինակներին եւ ապացույցներին, ԿԸՀ-ն այդպես էլ անվավեր չհայտարարեց օրինախախտ կուսակցությունների գրանցումը: Օրենքի պահանջները չկատարելը պակաս հանցանք չէ, ինչ համար, վստահ ենք, ԿԸՀ-ն պատասխան է տալու:
