ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միջազգային դիտորդների գնահատականը
Մայիսի 13-ին Երեւանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի
դիտորդական առաքելությունները հրապարակեցին Հայաստանի հանրապետության Ազգային
ժողովի ընտրության վերաբերյալ իրենց նախնական եզրակացությունը: Դիտորդները
հայտարարում են, որ Հայաստանի ընտրությունը նախորդ ութ տարիներին տեղի ունեցած
ընտրությունների համեմատ արձանագրել է զգալի առաջընթաց եւ անցկացվել է միջազգային
չափանիշներին համապատասխան:
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2007 թվականի մայիսի 12-ի
ընտրությունները բարելավում ցուցաբերեցին ու անցկացվեցին ժողովրդավարական
ընտրությունների անցկացման համար ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած
պարտավորությունների եւ այլ միջազգային չափանիշների համաձայն», ասված է դիտորդական
առաքելությունների նախնական գնահատականի մեջ:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի ընտրությունը եւ
քարոզչությունը համապատասխանել են օրենքի պահանջին, եւ այդ ամենը շատ լավ է
երիտասարդ ժողովրդավարություն ունեցող Հայաստանի համար. «Ընտրությունների օրը
քվեարկությունը հիմնականում անցավ հանգիստ միջավայրում: Քվեարկության անցկացումը
դրական կերպով գնահատվեց դիտարկված տեղամասերի մեծ մասում` 94 տոկոսում»:
Դիտորդներն ասում են, թե իհարկե եղել են խախտումների դեպքեր, սակայն դրանք այնքան
չեն, որ կարելի լիներ ասել, թե էական ազդեցություն են ունեցել ընտրության ընթացքի
վրա:
Իսկ լրագրողների հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Հայաստանի ընտրությունը եղել
է ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ թե ինչու
դիտորդներն իրենց զեկույցում չեն կիրառել այդ բնորոշումը, ԵԱՀԿ դիտորդական
առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցը պատասխանել է, թե իրենք զերծ են մնում այդ
բնորոշումներից, որովհետեւ ընտրական գործընթացը դիտարկում են Եվրոպայի առաջ
Հայաստանի ստանձնած հանձնառությունների տեսակետից: Իսկ այդ տեսակետից դիտորդները
էական խնդիր չեն տեսնում: Բայց նկատում են, որ «Որոշ բռնության դեպքեր տեղի ունեցան
քարոզարշավի ընթացքում, որոնք կարծես թե զգալի ներգործություն չունեցան ողջ
ընտրական մթնոլորտի վրա», կամ, «Իշխող կուսակցության եւ պետության տարանջատումը
կարծես թե ակնհայտ չէր քարոզարշավի որոշ տարրերում, որոնցից ամենացայտունը
Հանրապետական կուսակցության ընտրարշավի համակցումն էր Հայկական բանակի 15-ամյակին
նվիրված, ավելի երկար տեւողություն ունեցող արշավի հետ, որը կազմակերպված էր
Պաշտպանության նախարարության հովանու ներքո», կամ «բոլոր մակարդակներում քաղաքական
եւ գործածար շահերի միահյուսումը մտահոգիչ է, հատկապես քարոզչական միջոցների
թափանցիկությանը եւ հայտարարագրմանը վերաբերող համեմատաբար թույլ դրույթների եւ
իրագործման համատեքստում»:
Եվրոպացի դիտորդները նաեւ մտահոգություններ ունեն, որոնք վերաբերում են նախընտրական
ժամանակահատվածին, որի մասին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հրապարակեց մի քանի
միջանկյալ զեկույց: Դրանից վերջինը արժանացավ Հայաստանի իշխանության բավական կոշտ
արձագանքին, սակայն ԵԱՀԿ դիտորդների ղեկավար Ֆրլեցը ասում է, թե իրենք համաձայն չեն
Հայաստանի ղեկավարության այդ գնահատականի հետ: Իսկ իրենց նախնական գնահատականը
տալուց հետո նրանք հիշեցնում են, որ ընտրությունը, հետեւաբար իրենց առաքելությունն
ավարտված չէ, եւ իրենք շարունակելու են հետեւել գործընթացին, մինչեւ ձայների
վերջնական հաշվարկը, մինչեւ ընտրության հետ կապված բոլոր դիմում-բողոքների
ընթացակարգի վերջնական դիտարկումը:
