ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եթերի 60 տոկոսը երեք կուսակցության
Երեւանի մամուլի ակումբը եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնը ընտրությունների քարոզարշավի եւ դրան նախորդած օրերին դիտարկել են հայկական 14 հեռարձակվող եւ 4 տպագիր ԶԼՄ-ներում ընտրությունների լուսաբանումը եւ արձանագրում են. «ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների քարոզչության եւ դրան նախորդած ժամանակաշրջանում բոլոր կուսակցություններն էլ ունեցել են եթերից հանրության ներկայանալու հնարավորություն, եղել է քաղաքական բազմակարծություն, սակայն կուսակցությունների համար եթերի մատչելիությունը չէր կարող ամբողջովին փոխհատուցել ընտրություններին անմիջականորեն նախորդող բավականին երկարատեւ ժամանակաշրջանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ հեռարձակվող ԶԼՄ-ների ծայրահեղորեն սահմանափակ ուշադրությունը»: Նաեւ նկատում են, որ երկու-երեք ամսվա եթերային բազմակարծությունը բավական չէր գիտակցված եւ պատասխանատու ընտրություն կատարելու համար:
Եթերում ամենից շատ երեւացել են հանրապետական, Բարգավաճ Հայաստան եւ ՀՅԴ կուսակցությունները: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ ընտրությունների արդյունքները 70-80 տոկոսով համապատասխանում են լուսաբանման ծավալներին` ով շատ է երեւացել եթերում, նա էլ հաղթել է: Միաժամանակ նա առաջարկում է ՀՀ-ում այս հարցում այլ բանաձեւ կիրառել. «նա ով հաղթելու է ընտրություններում, նա էլ տիրապետում է լրատվամիջոցներին»: Բոլոր հեռարձակվող լրատվամիջոցներում արձանագրվել է մոտավորապես նույն պատկերը` մեծ ուշադրություն ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ, նկատմամբ, պասիվություն Նոր Ժամանակներ, Հանրապետություն եւ Իմպիչմենտ, քաղաքական միավորների գործողությունները լուսաբանելիս: Սա հիմք է եւ կարելի է խոսել վարչական ռեսուրսի օգտագործման մասին, հայտարարեցին բանախոսները: Եվ եթե նորմալ երկրներում վարչական ռեսուրսի ազդեցությունը նվազեցնելու համար նախընտրական քարոզչության փուլում պաշտոնական հանդիպումները հասցվում են նվազագույնի, ապա մեզ մոտ, ըստ դիտարկման արդյունքների «պաշտոնական ընդունելությունների եւ միջոցառումների հաճախականությունը աճում է»: Օրինակ հեռուստաընկերությունները լուսաբանել են Սերժ Սարգսյանի այցը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այն դեպքում երբ դա վարչապետի լիազորությունների կատարում չէ: Կամ մեկ օրում Սերժ Սարգսյանը յոթ տեղ է եղել. այց շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի շիրիմին, հանդիպում շախմատին օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանի հետ եւ այլն եւ այս բոլոր հանդիպումները երեւացել են բոլոր հեռուստաընկերությունների եթերում: Իսկ դիտարկումը ցույց է տվել, որ եթերի 60 տոկոսը հեղեղված է եղել այս ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցություններով, իսկ ընտրություններին մասնակցող մնացած 20 քաղաքական միավորները ստիպված են եղել բավարարվել մնացած 40 տոկոսով: «Քվեարկության օրվա մոտենալուն եւ քաղաքական մրցակցության սրմանը զուգահեռ, հեռուստաընկերությունների վրա ազդելու հայտնի լծակներ ունեցող երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ հիշատակումների հաշվեկշիռը ընդգծված դրական էր: Մայիսի 10-ին առանձին հեռուստաալիքներում ընտրություններին մասնակցող կուսակցությունների կեսը ընդհանրապես որեւէ ուշադրության չարժանացավ, ՀՀԿ-ն ստացավ 13 788 վայրկյան, ԲՀԿ-ն` 9 675, ՀՅԴ-ն` 9 044», արձանագրված է դիտարկման արդյունքում:
Երեւանի մամուլի ակումբը եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնը կարծում են, որ 2006 թվականը Հայաստանում վատագույնն էլ խոսքի ազատության առումով եւ հույս ունեն, որ իշխանական շրջանակները չեն փակի հեռարձակվող ԶԼՄ-ներին քիչ թե շատ ինքնուրույնություն տվող այն ծորակները, որ ընտրություններից առաջ բացել էին: Չեն փակի գոնե մինչեւ 2008-ի նախագահական ընտրություն:
