Ոչ բոլորն են արագ արձագանքել

ՀՀ ԱԺ ընտրության քվեարկության օրը` մայիսի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մոտ 3 տասնյակ ահազանգ է ստացել, որոցիցի մեկը կոլեկտիվ` 71 քաղաքացու անունից: Օմբուդսմենի գրասենյակը արագ արձագանքել է դիմումներին: Ցավոք այլ մարմիններ, մասնավորաբար ոստիկանությունը, երբեմն արագ չի արձագանքել օմբուդսմենի դիմումներին: Ստորեւ բերվող փաստերը տարածել է օմբուդսմենի գրասնեյակը:

1. Նար-Դոսի 75 շենքի բնակիչը հայտնել է, որ նույն շենքի բնակիչների մեծ մասը ընդգրկված չէ Երեւան քաղաքի Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասի ընտրացուցակում: Պաշտպանի ներկայացուցիչը պարզել է, որ նշված շենքի բնակիչները պետք է քվեարկեն Մայակովսկու անվան դպրոցում:

2. Քաղաքացին հայտնել է, որ Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում հավաքվել են մի խումբ անհայտ անձինք եւ պարտադրում են քաղաքացիներին քվեարկել հօգուտ համամասնական ցուցակում ընդգրկված թիվ 15 եւ մեծամասնականի թիվ 4 համարների տակ գտնվող կուսակցության (թեկնածուի) օգտին: Պաշտպանի ներկայացուցիչն ահազանգել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն եու հաղորդել վերը նշված տեղեկությունները: 10 րոպե անց Պաշտպանի գրասենյակ է զանգահարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Վարդանյանը եւ հայտնել, որ չնայած տվյալ տեղամասում հերթապահում է ոստիկանության 4 աշխատակից, այնուամենայնիվ լրացուցիչ խումբ է ուղարկվել փաստի կապակցությամբ ստուգումներ անցկացնելու նպատակով: Հետագայում պետի տեղեկալը լրացուցիչ տեղեկացրել է, որ ուսումնասիրությամբ նշված փաստերը չեն հիմնավորվել:

3. Բուզանդի փողոցի 95 և 93 հասցեներում հաշվառված 4 բնակիչ այցելել են մարդու իրավունքների պաշտպանի նստավայր, եւ հայտնել, որ ընդգրկված չեն համապատասխան ընտրացուցակներում: Նրանց բացատրվել է լիազոր մարմին դիմելու օրենքով սահմանված կարգը: Լիազոր մարմնի կողմից հարցը չլուծվելու դեպքում Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել խնդրի լուծմանը: Հետագայում քաղաքացիները զանգահարել են Պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ ստացել են համապատասխան տեղեկանք ու կատարել քվեարկություն:

4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքող խմբերին 6 քաղաքացի է դիմել` խնդրելով ճշտել իրենց ընտրական տեղամասի գտնվելու վայրը: Համապատասխան տվյալները ճշտվել եւ հայտնվել են քաղաքացիներին:

5. Քաղաքացին հայտնել է, որ վաճառել է բնակարանը երեք շաբաթ առաջ, եւ տեղյակ չէ, թե նախկին բնակության վայրում իր անունը ցուցակում կա թե ոչ, եւ խնդրել է հայտնել, թե ինչպես կարող է դա ճշտել: Տրամադրվել է խորհրդատվություն:

6. Քաղաքացին հայտնել է, որ քվեաթերթիկի վանդակում օրենքով սահմանված նշագրման փոխարեն մեկ այլ նշագրում է կատարել, խնդրել է պարզաբանել քվեաթերթիկի վավեր լինելու հարցը: Պաշտպանի ներկայացուցիչը քաղաքացուն բացատրել է թույլ տրված սխալի իրավական հետեւանքները:

7. 15/39, 15/40, 15/41 տեղամասերում ընտրացուցակներում բնակիչների հասցեները լիարժեք գրված չլինելու հետեւանքով նույն բնակիչները ընտրացուցակում նշված են մեկից ավելի անգամ: Ըստ դիմումատուների` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել թույլատրել նման բնակիչների քվեարկությունը: Հետագայում Պաշտպանի ներկայացուցչի կողմից պարզաբանում է պահանջվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահից: Վերջինս հայտնել է, որ առաջադրված հարցերի վերաբերյալ պարզաբանում կարող է տալ ամսի 13-ի առավոտյան: Մայիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ԸԸՀ նախագահի հետ կապ հաստատելու փորձերը եղել են ապարդյուն:

8. Քաղաքացին հայտնել է, որ իր որդին 5 տարի է, ինչ բնակվում է արտասահմանում, սակայն հաշվառումից դուրս չի եկել եւ կա ընտրացուցակում: Նրան բացատրվել է, որ արտերկրում բնակվելը դեռեւս բավարար հիմք չէ նրան հաշվառումից հանելու եւ հետեւաբար ընտրացուցակներոմ չընդգրկելու համար:

«Հանրապետություն» կուսակցության գրասենյակից զանգահարել է կուսակցության ներկայացուցիչը եւ հաղորդել հետևյալ խախտումների մասին.
9. Ժամը 12:20-ի դրությամբ 26/31 տեղամասում (Արգել գյուղ) կատարում են բաց քվեարկություն: Ընտրատածքային հանձնաժողովի նախագահը համապատասխան ստուգումներ կատարելուց հետո, նշված տեղեկությունը հերքել է:

10. Ժամը 12:35-ի դրությամբ Ավան թաղամասում «Z» նշանը կրող երթուղային տաքսիները ընտրողներին տեղափոխել են ընտրական տեղամասեր, իսկ տվյալ ավտոմեքենաների վրա փակցված է եղել համամասնականի նիշը` 15 համարով: Հաղորդումը հայտնվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակից Խնոեւին, որը չի ցանկացել համագործակցել Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ: Հետագայում Պաշտպանի ներկայացուցիչները Խնոեւի նման վերաբերմունքի մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Ս. Շիրինյանին և խնդրել պարզել հարցը: Վերջինս Խնոեւի նման վարքագիծը բացատրել է ոստիկանության աշխատակիցների խիստ ծանրաբեռնվածությամբ:Նա հայտնել է նաեւ, որ միջոցներ կձեռնարկվեն փաստի ուսումնասիրության ուղղությամբ:

11. Ժամը 12:40-ի դրությամբ 7/01 տեղամասում լցոնումներ են կատարվում, լցոնումներ են կատարվում նաեւ 7/4 և 7/16 ընտրական տեղամասերում: Պաշտպանի ներկայացուցչին ընտրատածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ քվեաթերթիկների լցոնում նշված տեղամասերում տեղի չեն ունեցել: Վերջինս հայտնել է նաև, որ թիվ 7/16 տեղամասում չհրկիզվող պահարանը մոտ 10 րոպե դրված չի եղել տեսանելի վայրում, որից հետո այն տեղափոխվել է համապատասխան վայր:

12. Էջմիածնի Ջրառատ գյուղում քվեարկում են բացակայող քաղաքացիների փոխարեն: Պաշտպանի ներկայացուցչին ընտրատածքային հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Հանրապետական կուսակցության վստահված անձ` Ավետիք Գալստյանը հերքել է տեղեկությունը:

13. Քանաքեռի 84 դպրոցում 101 համարի երթուղային տաքսիները պարբերաբար ընտրողներին տեղափոխել են ընտրական տեղամասեր, մասնավորապես ֆիքսվել են համարներ` 0024Տ, 0595Տ: Պաշտպանի ներկայացուցիչը նշվածը հաղորդել է Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության բաժնի աշխատակցին` Գեւորգյանին: Այնուհետեւ զանգահարել է հերթապահ Բարսեղյանը եւ հայտնել, որ ըստ իրենց պարզած տեղեկությունների, մեքենաները ամրակցված են տեղամասին: Ոստիկանության նշված բաժնից հետագայում կրկին անգամ զանգահարել են եւ հերքել իրենց կողմից նախկինում հայտնած տեղեկությունները` նշելով, որ նման տեղափոխումների փաստեր իրենց կողմից չեն արձանագրվել:

14. 26/1, 26/2, 26/3 ընտրական տեղամասերի մուտքի առջև տեղի են ունենում զանգվածային անկարգություններ: Հաղորդումը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն, որտեղ այն գրանցվել է եւ հայտնվել, որ տվյալները կճշտվեն: Հետագայում ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի հերթապահ Գաբրիելյանը Պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ վերը նշված հաղորդումը արձանագրվել է, համապատասխան տարածք են մեկնել ոստիկանության աշխատակիցները, եւ տեղում պարզել, որ նշվածը իրականությանը չի համապատասխանում: Խախտումների բացակայության կապակցությամբ ներկայացվել են նաեւ տեղեկանքներ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից:

15. Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Կռազ ավտոմեքենաների պարկի դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատկանող մեքենաներով քարոզչություն է իրականացվում: Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Հայտնվել է, որ տվյալները կճշտվեն: Հետագայում ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի հերթապահ Ռուբենյանը Պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ վերը նշված բոլոր հաղորդումները արձանագրվել են, կատարվել են համապատասխան ստուգումներ: Սակայն նշված փաստերը չեն հիմնավորվել:

16. Քաղաքացին հայտնել է, որ Արաբկիր 4/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը առաջացած կուտակումների պատճառով ընտրական տեղամաս ընտրողներին թույլ է տվել մուտք գործել եւ մասնակցել քվեարկությանը իր կողմից սահմանված հերթականությամբ` ըստ ընտրողների բնակության վայրի: Ընտրատածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ իրոք նշվածը համապատասխանում է իրականությանը: Վերջինս այն պատճառաբանել է ընտրողների մեծ կուտակումներով, ինչպես նաեւ հանձնարարել է դադարեցնել նման գործողությունները:

17. Քաղաքացին հայտնել է, որ "ՌԱՖ" և "ՋԻՊ" մեքենաներով թիվ 4/22, 4/26 տեղամասային ընտրական տեղամասեր են տեղափոխում մեծ թվով մարդկանց եւ ստիպում, որպեսզի նրանք քվեարկեն Զոհրաբ Զոհրաբյանի օգտին:

18. Քաղաքացին հայտնել է, որ 4/20 տեղամասային ընտրական տեղամասում միևնույն ընտրողին տրվել է երեք քվեաթերթիկ: Պաշտպանի ներկայացուցչին թիվ 4 ընտրատածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տեղի է ունեցել մեխանիկական սխալ, քվեաթերթիկները կպած են եղել ու այդ կապակցությամբ կազմվել է արձանագրություն:

19. Քաղաքացին հայտնել է, որ 4/01 տեղամասում անհայտ անձինք գումար են բաժանում եւ տալիս նախապես նշված քվեաթերթիկ:

20. Քաղաքացին հայտնել է, որ 4/09 ընտրատեղամասի դիմաց հավաքվել են մի խումբ անձինք, որոնք ուղղորդում են ընտրողներին` որոշակի կուսակցության/թեկնածուի օգտին քվեարկելու համար:
Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: Հետագայում ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Վարդանյանը Պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ վերը նշված բոլոր հաղորդումները արձանագրվել են, կատարվել են համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքում փաստերը չեն հիմնավորվել:

21. Քաղաքացին հայտնել է, որ բնակվում է Բայրոնի 10 հասցեում: Ըստ քաղաքացու, վերջինիս մահացած սկեսուրը եւ կալանավոր որդին` (կալանքի տակ է շուրջ 1 տարի) ընդգրկված են եղել ընտրացուցակներում: Քաղաքացին վերը նշվածի մասին հայտնել է տեղամասային ընտրական հանձնաժողովին քվեարկության օրը, սակայն նրան պարզաբանվել է, որ ցուցակները այդ տեսքով ստացվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից:

22. Քաղաքացին դիմել է թիվ 19 դպրոցում տեղակայված ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին հայտնելով, որ Տերյան 65 հասցեում գրանցված անձը մահացել է դեռեւս 1997թ., սակայն ընտրացուցակում նրա անունը առկա է:

23. Քաղաքացին հայտնել է, որ 2000թ-ից մշտապես բնակվում է Չարենցի 1-ին նրբ. հասցեում, սակայն անձնագրում հաշվառման վայրը եղել է Վիլնյուսի 15 հասցեն (Նոր-Նորքի զանգված): Նկատի ունենալով, որ մշտապես բնակվում է Կենտրոն համայնքում, քաղաքացին դիմել է Մարաշի անձնագրային բաժանմունք, որտեղից իրեն հայտնել են, որ այդ տարածքի ընտրացուցակում ինքն ընդգրկված չէ, իսկ Նոր-Նորքի ցուցակներից էլ մեկ օր առաջ հանվել է: Նշվածի մասին հայտնվել է Մարաշի անձնագրային բաժանմունքի պետին, որի հավաստմամբ քաղաքացին կարող է ներկայանալ բաժանմունք` համապատասխան տեղեկանք ստանալու համար, մինչդեռ քաղաքացու կողմից տրված հեռախոսահամարով քաղաքացու հետ կապնվել հնարավոր չի եղել:

24. Պաշտպանին է դիմել զինծառայող եւ խնդրել հայտնել, թե ճիշտ է արդյոք, որ քվեարկելիս իրենց անձնագրի մեջ կնիք է խփվում: Պաշտպանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ զինծառայողները քվեարկում են զինգրքույկի կամ զինվորական վկայականի հիման վրա եւ դրանց վերջին էջում դրվում է դրոշմակնիք` ընտրության մասնակցության վերաբերյալ:

25. Քաղաքացին հայտնել է, որ 13/1 տեղամասը հոսանքազրկվել է: Թիվ 13 ընտրատածքային հանձնաժողովի նախագահը Պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ տեղի է ունեցել վթար, որը վերացվել է ժամը 18:30-ին: Վթարի տևողությունը կազմել է 20-30 րոպե:

26. Քաղաքացին հայտնել է, որ 7/1 տեղամասում իր ազգանվան դիմաց ստորագրություն է եղել, թեեւ նրան հնարավորություն է տրվել է քվեարկելու: Թիվ 7 ընտրատածքային ընտրական հանձնաժողովի նախագահը Պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ այցելել է տեղամաս, պարզել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, քաղաքացու ազգանվան դիմաց ստորագրել է նրա հարեւանը եւ դրա արդյունքում քաղաքացուն չի թույլատրվել քվեարկել` ելնելով ընտրական օրենսգրքի պահանջներից:

27. Արցախի 10 բազմաբնակարանային շենքի բնակիչը հայտնել է, որ շենքը հոսանքազրկվել է, դիմումատուի պնդմամբ` նրանց ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով: Պաշտպանի ներկայացուցչին Էներգոցանցից հայտնել են, որ տեղի է ունեցել վթար, որի հետեւանքները արդեն վերացվել են:

28. Մարդու իրավունքների Պաշտպանին հասցեագրած կոլեկտիվ դիմում-բողոքով 71 քաղաքացի հայտնել են, որ քվեարկության օրվանից 5 օր առաջ այցելել են ընտրատեղամաս եւ պարզել, որ իրենք ընդգրկված են թիվ 10/24 ընտրատեղամասի ընտրացուցակում, ավելին, նրանցից մեծ մասին նախապես տրվել են ծանուցագրեր` նշված ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ: Ըստ դիմումատուների, քվեարկության օրը, երբ իրենք այցելել են ընտրատեղամաս` քվեարկությանը մասնակցելու համար, պարզել են, որ նրանց տվյալները հանվել են ընտրացուցակներից: