Կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները

Կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Լեւոն Գուլյանը «ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացել»: Գուլյանի հարազատները, սակայն, համաձայն չէին այս վարկածի հետ եւ այսօր նամակ-դիմում էին բերել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որ նա շատ խիստ միջոցներ ձեռնարկի կատարվածի առնչությամբ: Հարազատներն ակնկալում են նաեւ վարչապետի հետ հանդիպում:

Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանին` իբրեւ վկա մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին ոստիկանության աշխատակիցները տարել էին Շենգավիթի շրջանի ՆԳ բաժին: Գուլյանի տնօրինած Մանանդյան փողոցի 17 հասցեում «Պանդոկ» ռեստորանի մոտ մայիսի 9-ին վիճաբանության արդյունքում սպանվել էր ոմն Ստեփան Վարդանյան, որը, ինչպես պատմեցին Գուլյանի հարազատաները, եղել է դիմացի մայթին գտնվող սաունայի տերը:

Վարչապետին ուղղված նամակում մասնավորապես Լեւոն Գուլյանի կինը` Ջեմմա Գուլյանը նշել է, որ «համոզված եմ, որ իմ ամուսինը չէր կարող վկայություն տալու համար փախուստի դիմել ոստիկանության ներքին բակի պատուհանից ու այդպես անհեթեթ մահ ունենար: Ես կարծում եմ, որ Դուք հասկանում եք, թե ինչ է կատարվել իրականում»:

Իսկ իրականում, ըստ Գուլյանի հարազատների, եղել է այն, որ Լեւոն Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում եւ ծեծել: Մայիսի 12-ին նրան ազատ են արձակել այն պայմանով, որ նա գնա «իր քաղաքացիական պարտքը կատրի` քվեարկի», այնուհետեւ` նորից գա ոստիկանության բաժանմունք: «Որդուս վերջին անգամ ասել են, որ քեզ հարցում չունենք, գնա տուն, բայց ընտրությունից հետո արի անպայման, քանի որ նախարարությունից պիտի գան մի 2 հարց տան ու վերջ: Հետո գալիս է Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը, տանում իր մոտ, որից հետո լինում է այդ սպանությունը: Ես դժբախտաբար հանրապետությունում չեմ եղել այդ օրը եւ շատ բան չգիտեմ, բայց ես հերքում եմ, որ իմ որդին կարող էր ինքնասպան լինել»,- պատմում է մահացած Լեւոնի հայրը` Աշոտ Գուլյանը:

Լեւոնի քեռին` Հովիկ Փափազյանը պատմեց, որ ռեստորանի մատուցողին ես հրավիրել են հարցաքննության: Երբ մատուցողը ժամը 5-ին եկել է ոստիկանության բաժանմունք, տեսել է, որ այնտեղ իրարանցում է: Նրան, ըստ Փափազյանի, ասել են, թե իբր ոստիկան է իրեն 4-րդ հարկից գցել: «Բացառվում է, որ Լեւոնը գնար ու իրեն գցեր, կամ փախչեր սենյակից: Ոստիկանության բաժնի ներքին բակից փախչել հնարավոր չէ կամ էլ ինչո՞ւ պետք է փախչեր, երբ նա կամավոր է մայիսի 12-ին գնացել այնտեղ: Ինչ վերաբերում է սպանված Վարդանյանին, ապա նրա հետ Լեւոնը ոչ մի վատ հարաբերություն չի ունեցել, ոչ մի թշնամանք, ոչ մի այլ խոսակցություն»,- վստահեցնում է Լեւոնի քեռին:

Լեւոնի իրավահաջորդների փաստաբանը, ըստ հոր` Աշոտ Գուլյանի, տեսել է, որ Լեւոնի գլուխն ամբողջովին փշրված է, կողերին հետքեր կան, ուսը` ջարդուփշուր, մարմինն` ամբողջովին ծեծված: «Ոչ ոք չի տեսել` որտեղ է ընկել Լեւոնը, ցույց չեն տալիս, գաղտնի են պահում այդ ինֆորմացիան` պատճառաբանելով, որ գործը պետք է քննվի: Ոստիկանները տեսել են ու նկարել են, ուղղակի մեզ չեն ցույց տալիս»,- պատմում է Լեւոնի կնոջ քույրը` Աղունիկ Դավոյանը:

Լեւոնի կնոջ պատմելով` երբ Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին եկել է տուն, շատ վատ վիճակում է եղել ու ոչինչ չի կարողացել ասել: «Հոգեպես նա շատ վատ էր ու ընկճված, դրա համար մենք ոչ մի հարց չտվեցինք: Մտածեցինք, որ քաղմասում անցկացրած օրերի հետեւանքն էր դա: Խոսակցություններն էլ նաեւ այնպես էին, որ գործն արդեն պարզ էր եւ հիմա 1-2 ժամից տանը կլինի եւ որ Լեւոնն ընդհանրապես մեղավոր չէ, գործն արդեն բացահայտված է: «Պանդոկ»-ի մեր աշխատակիցները, որոնք գնացել էին հարցաքննության, տեսել են, որ Թամամյան Հովիկ ծեծում էր Լեւոնին: Միգուցե կային մարդիկ, որ շատ էին ցանականում, որ այդ գործն արագ բացահայտվեր, դրա համար ծայրահեղ միջոցների դիմեցին, մանավանդ, որ Լեւոնը ոչինչ չգիտեր ու վկայություն չէր կարող տալ, նա ընդամենը վիճաբանողներին պահանջել է ռեստորանից հեռու գնալ ու վերջ»,- պատմում է կինը` Ջեմմա Գուլյանը: Նշենք, որ Լեւոն Գուլյանն ունի 4 եւ 5 տարեկան երկու տղաներ:

Փաստաբան Արթուր Գրիգորյանի վստահեցմամբ` «այն անձը, որ տարվել է Լեւոն Գուլյանի հետ հարցաքննության, երեկ տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է, որ իրեն ծեծել են եւ վախեցրել են, որ հիմա քեզ` Հովիկ Թամամյանի՝ Թամամի ձեռքը կգցենք, այդ ժամանակ կիմանաս»: Այս հիմնավորմամբ են, ըստ նրա, Լեւոնի հարազատները պնդում, որ նրան ծեծելով սպանել է Հովիկ Թամամյանը: «Դա, իհարկե, միայն հարազատների պնդումներն են, սակայն դրանք ելնում են կոնկրետ փաստական հանգամանքներից, որոնք ուղղակի ապացույցներ չեն այսօր, սակայն ինչ-որ չափով հաստատում են իրենց ասածները»,-նշեց Արթուր Գրիգորյանը:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից «Ա1+»-ին հաղորդեցին, որ իրենք հերքում են այն փաստը, թե իբր Հովիկ Թամամյանն է անձամբ քննել Լեւոն Գուլյանին: Իսկ մանրամասների համար նրանք խորհուրդ տվեցին դիմել դատախազություն:

Լեւոն Գուլյանի հարազատները պատրաստվում են վաղը բողոքի ակցիա կազմակերպել նաեւ Ոստիկանության շենքի մոտ: